05 12 2018

Հոկտեմբերին քիչ հարկ է հավաքվել

Հոկտեմբերին քիչ հարկ է հավաքվել

Այն, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խաղարկելու էր այսպես կոչված կոռուպցիոն թեման, ոչ ոք չէր կասկածում։ Դա առայժմ արդարացնում է իրեն, մարդկանց մի մեծ զանգված շարունակում է կուլ տալ նույն «կուտը»՝ այդպես էլ չմտածելով՝ իսկ ի՞նչ եղան նախորդ «կոռուպցիոն բացահայտումները»։ Փաստ է, որ «ժողովրդից գողացածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու» թեզը պարզապես չի աշխատում։ Պետական բյուջեն այդպես էլ չի ստանում «թալանված միլիարդները»։

Հիշեցնենք, որ այս տարվա ինը ամիսների ցուցանիշի համաձայն, որը հրապարակել էր ֆինանսների նախարարությունը, հարկային եկամուտների ծրագիրը թերակատարվել է 3 տոկոսով կամ 28 մլրդ դրամով։ Այսինքն, նախատեսված 915,1 մլրդ դրամի դիմաց հավաքվել էր ընդամենը 887,7 մլրդ դրամ։ Հետաքրքրական է, թե ի՞նչ է փոխվել 10 ամիսների ցուցանիշներում։ Թեև հնարավոր չէ ասել, այս անգամ թերակատարվե՞լ է եկամուտների նախատեսված ծրագիրը, թե՞ ոչ, քանի որ ֆինանսների նախարարությունը եռամսյակը մեկ է ներկայացնում հաշվետվությունը, բայց որ բյուջեի եկամուտները դժվարությամբ են հավաքվում, իսկ հոկտեմբերին ավելի քիչ է հավաքվել քան սեպտեմբերին, դա ակնհայտ է։

Այսպիսով, այս տարվա՝ 2018 թ․-ի հունվար-հոկտեմբերին բյուջեի զուտ հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 1 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ այս տվյալները չեն համադրվում, քանի որ այս տարի առանձնացվում է «հարկերի անցումային գերավճար» ցուցանիշը։ Հենց այս ցուցանիշն է, որ մի կողմից փրկում է Նիկոլ Փաշինյանին, անհամադրելի դարձնելով համեմատությունը նախորդ տարվա տվյալների հետ, մյուս կողմից խանգարում, քանի որ անհրաժեշտ է յուրքանչյուր ամիս նշել, թե որքան գերավճար՝ այսինքն ավելացված արժեքի հարկ 1 վերադարձվել արտահանողներին։

Այդուհանդերձ, նշենք, որ նախորդ տարվա 10 ամիսներին հավաքվել էր մոտ 937 մլրդ դրամ դրամ։ Այսինքն, այս տարվա 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքվել է մոտ 64 մլրդ դրամով ավելի։ Սակայն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում արտանահողներին գերավճար վերադարձնել։ Այս տարի մոտ 55 մլրդ դրամ արդեն վերադարձվել է, բայց հունվար-փետրվար ամիսներին։ Դրանից հետո կամ վերադարձ չի եղել, կամ եղել է չնչին չափով։ Եթե «թալանված միլիարդներ» են հետ վերադարձվում, ապա ինչո՞ւ կառավարությունը արտահանողներին հետ չի վերադարձնում ավելացված արժեքի հարկը, որից նրանք ազատված են։ Պատասխանը պարզ է՝ չկան այդ երևութական միլիարդները։ Դրանք կան միայն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային նելույթներում և ուժային-իրավապահ կառույցների հաղորդագրություններում։ Իսկ ավելացված արժեքի հարկի չվերադարձնելը նվազեցնում է արտահանողների շրջանառու միջոցները և նրանք ֆինանսական դժվարություններ են ունենում։ Սակայն սա առանձնապես չի մտահոգում կառավարությանն ու նրա ղեկավարին։

Նախորդ ամսվա հարկային մուտքերի մասին խոսելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ աննախադեպ՝ 124 մլրդ դրամի եկամուտներ են հավաքվել։ Մինչդեռ, հենց վիճակագրական ծառայության տվյալներն են փաստում, որ դրանք աննախադեպ չեն, քանի որ այս տարվա մայիս-հունիս ամիսներին, նախորդ կառավարության ցուցանիշների իներցիայի շնորհիվ, ավելի շատ եկամուտներ էին հավաքվել։ Մյուս կողմից էլ՝ դրանք զուտ հարկային եկամուտները չեն, իսկ հոկտեմբերին արդեն ավելի քիչ հարկային եկամուտներ են հավաքվել, քան սեպտեմբերին։ Այս մասին իր նախընտրական հանրահավաքներում Նիկոլ Փաշինյանը քար լռություն է պահպանում՝ հակառակ նախորդ ամսվա ցուցանիշը տարփողելուն, իսկ նրա հավատարիմ զանգվածը ոչ վարչապետի պաշտոնակատարին, ոչ անգամ ինքն իրեն չի հարցնում՝ հոկտեմբերի՞ն էլ է ռեկորդային չափի հարկեր հավաքվել։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, հարկային եկամուտները սեպտեմբերին իրականում կազմել են 115 մլրդ դրամ, իսկ հոկտեմբերին ավելի քիչ՝ 113,7 մլրդ դրամ։ Այսինքն, ակնհայտ է, որ տնտեսական աճի տեմպի նվազումը, որ եկող տարեսկզբին տնտեսական անկման վերածվելու լուրջ հավանականություն ունի, հնարավորություն չի տալիս ապահովել հարկային եկամուտների նախատեսված մուտքերը։ Հետևաբար, ոչ միայն թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին չենք կարող խոսել, այլև առաջիկայում ունենալու ենք դժվարություններ դրանք վճարելու հարցում։

Այս տարվա պետական բյուջեով հարկային եկամուտները պետք է կազմեն 1 տրլն 248 միլիարդ 500 մլն դրամ։ Դա նշանակում է, որ տարվա վերջին երկու ամիսներին դեռևս 247 մլրդ դրամի հարկային եկամուտներ պետք է հավաքվեն։ Այսինքն, յուրաքանչյուր ամիս մոտ 124 մլրդ դրամ։ Ինչպե՞ս է դա արվելու, գործարարներին «քերթելո՞վ», թե՞ թալանածը վերադարձնելով։ Քանի որ երկրորդը ոչ միայն չկա, այլ չի կարող տնտեսական զարգացմանը և դրան համարժեք բյուջեն համալրելու այլընտրանք լինել, մնում է գործադրել առաջին տարբերակը՝ դրանից բխող հետևանքներով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ