23 10 2018

Տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է արագորեն նվազել

Տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է արագորեն նվազել

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն, այս տարվա ինը ամիսներին՝ հունվար-սեպտեմբեր, մեր երկրի տնտեսական ակտիվության աճի տեմպը կազմել է 6,5 տոկոս։ Սա նշանակում է, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի «տնտեսական թռիչքին թափ հավաքելու» մասին գրառման, տրամագծորեն հակառակ գործընթացն է տեղի ունենում՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազում է։ Եթե տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել էր 10,6 տոկոս, ապա վեց ամիս անց, ինչպես արդեն նշեցինք, այդ ցուցանիշը նվազել է 4,1 տոկոսային կետով և հասել 6,5 տոկոսի։ Պարզ ասած, նախորդ կառավարության արձանագրած բարձր տնտեսական աճի իներցիան աստիճանաբար մարում է, որը երևում է նաև ըստ տնտեսության առանձին ճյուղերի պատկերի մեջ։

Տնտեսական ակտիվության նվազման առավել վատ կողմն այն է, որ նվազում են արձանագրում տնտեսության իրական հատվածի՝ արդյունաբերության և գյուղատնտեսության, ինչպես նաև շինարարության ցուցանիշները։ Սրանք այն ճյուղերն են, որոնք ապահավում են երկրի տնտեսական զարգացումն ու հզորացումը և ցանկացած երկրի համար այդ ճյուղերի զարգացումը թիվ 1 առաջնահերթությունն է։ Հայաստանի դեպքում, ինչպես երևում է, դա այդպես չէ։

Արդյունաբերության արտադրանքի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4 տոկոսով, այն դեպքում, երբ այս տարվա հունվար-մարտին այդ աճը կազմել էր 8,2 տոկոս։ Վերջին ամիսներից օգոստոսին հուլիսի նկատմամբ արդյունաբերությունում անկում գրանցվեց, իսկ սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ գրեթե աճ չեղավ։

Արդյունաբերության դեպքում գոյություն ունի ևս մեկ ցավալի իրողություն․ եթե վերջին երկու-երեք տարիներին այս ճյուղի ծավալները առաջանցիկ տեմպով ավելանալով, երկրորդն էին դարձել՝ զիջելով միայն առևտրի ծավալներին, ապա այժմ սկսել են զիջել դիրքերը և հայտնվել երրորդ տեղում՝ ծառայությունների ծավալներից հետո։

Գյուղատնտեսությունը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագիր կոչվող փաստաթղթում երեք գերակայություններից էր, հայտնվել է անկման մեջ։ Ինը ամիսների ընթացքում գյուղատնտեսության արտադրանքի ծավալը նվազել է 4,2 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ այս տարվա բնակլիմայական պայմանները բարենպաստ էին, մայիս-հունիսին ունեինք առատ բերք, որն ի չիք դարձավ կառավարության կոպիտ սխալների պատճառով։ Լրացուցիչ ջրառը Սևանից օգոստոս ամսին կատարելու փոխարեն, արվեց սեպտեմբերին, պատճառ դառնալով շոգից բերքի մեծ կորստին։

Շինարարությունում տնտեսական ակտիվության աճի անկումը ավելի մեծ է եղել, քան արդյունաբերությունում։ Տարվա առաջին եռամսյակին գրանցված 23 տոկոս աճի փոխարեն, ինը ամիսներին աճը կազմել է ընդամենը 7,2 տոկոս։ Սա այն դեպքում, երբ շինարարության սեզոնը և ակտիվացման շրջանը լինում է գարնան կեսից մինչև աշուն, այլ ոչ թե ձմռանը կամ գարնան սկզբին։ Այստեղ շարունակվում են մի քանի ներդրումային ծրագրեր, որոնց ավարտից հետո այս ճյուղը ևս և դարձյալ կհայտնվի անկման մեջ։

Ելնելով վերոգրյալից, կարող ենք փաստել, որ տնտեսական ակտիվության աճի արդեն նվազած ցուցանիշը պահպանվում է հիմնականում երկու ճյուղերի՝ առևտրի և ծառայությունների շնորհիվ։ Այս ճյուղերում արձանագրված աճը, սակայն, ոչ մի դեպքում մխիթարանք չի կարող լինել, քանզի այստեղ սպառվում են բնակչության միջոցները և որևէ նոր արժեք չի ստեղծվում։ Կարելի է ակնկալել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած երկու խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագթաժողովի և երևանի հիմնադրման 2800 ամյակի միջոցառումների շնորհիվ, որոնցում ներկա իշխանություննեը ոչ մի ներդում չունեն, ծառայությունների ոլորտում որոշակի աճ տեղի կունենա։ Սակայն տնտեսության իրական հատվածում ստեղված անկումային կացությունը, որին ավելացավ Ալավերդու պղնձամոլիբդնեային կոմբինատի գործունեության դադարելը, հնարավորություն չի տա խուսափել տնտեսական ակտիվության տեմպի հետագա անկումից՝ դրանից բխող նաև սոցիալական հետևանքներով։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ