06  10  2018

Վարչապետը ողջունեց բոլորին, բացի…

Վարչապետը ողջունեց բոլորին, բացի…

«Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ,

Հայաաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Պարոն վարչապետ,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք կառավարությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,

Սիրելի Ուլլա Ազնավուր,

Ազնավուր ընտանիքի հարգելի անդամներ,

Տիկնայք և պարոնայք…»

Այսպես սկսեց Ֆրանսիայում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը իր ելույթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կարծում եք՝ ամեն ինչ օրինաչա՞փ է և տարօրինակ ոչինչ չկա՞: Գուցե, եթե հաշվի չառնենք մի փոքրիկ, բայց կարևոր նրբություն:

Հոկտեմբերի 5-ին մեծանուն շանսոնյեի հոգեհանգստի արարողությանը հայկական պատվիրակության կազմում էր նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ կանգնած ՀՀ նախագահի և նախարարների կողքին: 

ՀՀ վարչապետի ելույթից հետո խոսեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ևս իր ելույթը սկսեց ողջույնի խոսքով՝ ողջունելով բոլոր ներկաներին, երկու երկրների բարձրաստճան այրերին, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներին: Բայց ի տարբերություն ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ողջունեց նաև Հայոց Կաթողիկոսին՝ դիմելով Վեհափառ Տեր: Ցավոք, Մակրոնի ելույթի ողջույնի հատվածը տեղական պաշտոնական աղբյուրներում ներկայացված է ոչ ամբողջական թարգմանությամբ, այդ հատվածը այնտեղ ևս բացակայում է, հուսով ենք ոչ միտումնավոր:

Թե ինչու ՀՀ ղեկավարը ուրիշ երկրում ողջույնի խոսքում չտվեց իր երկրի հոգևոր առաջնորդի անունը, դժվար է հստակ ասել: Եթե սա պետական քաղաքականության փոփոխություն է, պետք է բացատրություն տրվի, եթե զուտ արարողակարգային կամ ելույթ կազմողի սխալմունք` նույնպես։ Առաջինը որ մտքիս եկավ՝ եթե ներկա լիներ օրինակ Հռոմի պապը, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում ևս հիշատակում չէր անի, կարծում ենք՝ կաներ, ամեն դեպքում ենթադրում ենք:

Գուցե հուզմունքից մոռացավ, կամ մեր նոր և երիտասարդ կառավարության անփորձության հերթական հետևանքն է: Կարող ենք անվերջ ենթադրություններ անել, բայց սահմանափակվեմ միայն փաստը արձանագրելով, որը տհաճ էր և վիրավորական միլիոնավոր Հայ Առաքելական քրիստոնյաների համար:

Ամենևին նպատակ չունեմ որևէ մեկին մեղադրել, ուզում եմ հուսալ, որ առերևույթ այս բացթողումը արդեն ուշադրության է արժանացել համապատասխան օղակներում և որ ավելի կարևոր է, կառավարության պատասխանատուները կամ անձամբ վարչապետը պարտավոր են արձագանքել և հավաստիացնել, որ կանեն ամենը՝ բացառելու համար գոնե երևույթի կրկնությունը:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ