30 12 2024

Ազատությունից զրկված անձը մահացել է 20 օր հացադուլից հետո

Ազատությունից զրկված անձը մահացել է 20 օր հացադուլից հետո

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։

Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ կատարելու ճանապարհով, այդ թվում` օտար մարմիններ կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ