01 07 2020

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է օրական 2000-2500 թեստ արտադրել

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է օրական 2000-2500 թեստ արտադրել

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է արտադրել այնքան կորոնավիրուսի ախտորոշման թեստ, որքան կբավարարի Հայաստանում թեստավորման օրական պահանջարկը՝ մոտ 2000-2500 թեստ։ Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

«Մեր ինստիտուտը Հայաստանում իրականացնում է կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի արտադրություն։ Մայիսի 14-ին ստացել ենք դրա համար անհրաժեշտ բոլոր նյութերը և սկսել ենք մեր աշխատանքները այս ուղղությամբ։ Աշխատանքները ներառել են նախաարտադրական գործընթացների շտկումը, լաբորատոր փորձարկումները, թեստի  փոքրաքանակ խմբի արտադրությունը, որը ուղարկվել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն փորձարկման։ Այսօր ստացել ենք փորձարկման պատասխանը՝ մեր թեստերը երաշխավորվել է օգտագործել 4 նմուշներից 3-ը, ինչը բավական լավ արդյունք է։ Թեստերը ապահովում են բարձր ճշտություն»,- ասաց Առաքելյանը։

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ ինստիտուտը սպասում է պայմանավորվածություն ձեռք բերելուն Առողջապահության նախարարության հետ, որպեսզի կարողանան թեստերը մատակարարել։

Ըստ Առաքելյանի՝ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ներգրավված է նաև կորոնավիրուսին վերաբերվող փորձարկումներին։

«Փորձարկել ենք այն ախտահանիչ սարքերը, որոնք մշակել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, ինչպես նաև ախտահանող նյութերը, որոնք մշակվել են Գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի կողմից։ Բացի այդ, շարունակում ենք գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են կորոնավիրուսի մոլեկուլային մեխանիզմների պարզաբանմանը, նաև այն քիմիական միացությունների հայտնաբերմանը, որոնք կարող են հետագայում դառնալ դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար»,- եզրափակեց Առաքելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ