Երևան են հասել ԱՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ձեռք բերված ախտորոշման 10000 թեստ՝ աջակցելու Հայաստանի արձագանքմանը համավարակին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ախտորոշման թեստերի միջոցով հնարավոր կլինի ընդլայնել քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման անվճար թեստավորումը երկրի ամբողջ տարածքում։ Այս մոտեցումը համահունչ է ԱՀԿ-ի առաջարկություններին. թեստավորել բոլոր կասկածելի COVID-19 դեպքերը՝ հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու և դրա տարածումը վերահսկելու նպատակով:
Մատակարարման որակի՝ ԱՀԿ հավաստիացում ստացած թեստերի այս տեսակի միջոցով հնարավոր կլինի ընդամենը 75 րոպեի ընթացքում ստանալ ճշգրիտ պատասխան: Նման կարճ ընթացքի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել բուժանձնակազմի ժամանակն ու էներգիան, նվազեցնել մարդկային սխալները և մեկ օրվա ընթացքում թեստավորել ավելի շատ քաղաքացիների:
Ախտորոշման թեստերի առաքումը ստանալու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն էին այցելել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
ԵՄ դեսպանը և ԱՀԿ ներկայացուցիչը հանձնել են թեստերը ՀՀ առողջապահության նախարարությանը՝ որպես երկրում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ առավել լայն օժանդակության մաս: Թեստերը կուղարկվեն ազգային լաբորատորիա (ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիա), որն իրականացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը՝ Երևանում և մարզերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը