02 06 2020

Ներկրված դիմակներն ու բժշկական պարագաները վաճառքի ենթակա չեն․ Աննա Հակոբյանի հիմնադրամ

Ներկրված դիմակներն ու բժշկական պարագաները վաճառքի ենթակա չեն․ Աննա Հակոբյանի հիմնադրամ

«Իմ քայլը» հիմնադրամը հաղորդագրություն է ուղարկել «5 դրամ արժեցող դիմակները վաճառվում են 200 դրամով․ ու՞ր են գնում միլիարդները»  վերտառությամբ հրապարակման առնչությամբ։

«Հայտնում ենք, որ ներկրված դիմակներն ու բժշկական պարագաները վաճառքի ենթակա չեն, ի սկզբանե կոմերցիոն որևէ նպատակ չեն ունեցել ու չեն կարող ունենալ:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը 100.000.000 ՀՀ դրամ հատկացնելու որոշում «Իմ քայլը» հիմնադրամը կայացրել է՝ առաջնորդվելով ինչպես համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակը` բուժանձնակազմը հզորացնելու հրամայականով, այնպես էլ՝ մեր երկրի առողջապահական կարողությունները երկարաժամկետ հզորացնելու կարևորությամբ:

Չինաստանից նշված բժշկական պարագաների ներկրումն իրականացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Պարետատան, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) համագործակցության համատեքստում: Ներկրված բոլոր պարագաները փոխանցվել են Պարետատանն՝ ըստ անհրաժեշտության տնօրինելու համար: Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել և´ հայաստանյան, և´ սփյուռքյան այլ հիմնադրամներ: Առավել մանրամասն հրապարակումներ եղել են ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի ՖԲ պաշտոնական էջում։

Ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ Հիմնադրամը հավատարիմ է իր առաքելությանը՝ հանրային առողջության, սոցիալական բարեկեցության, կրթության, մշակույթի և բնապահպանության ոլորտներին ուղղված հեռահար ծրագրերի միջոցով հասնել կրթված, առողջ և հոգատար անհատ ու հասարակություն ունենալուն, ինչը ոչ միայն երկարատև զարգացման, այլև ճգնաժամերը նվազագույն կորուստներով ու վնասներով հաղթահարելու գրավականն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ