ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցնում։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կայուն է։ Համեմատած «Իզմիրլյան» բժշկական կենտրոն տեղափոխվելու օրվան` դրական տեղաշարժեր կան։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Հետազոտությունների հիմնական մասն ավարտված է, բայց դեռևս որոշ հետազոտություններ կան, որ պետք է անենք։ Երկրորդ նախագահի մոտ սկսել ենք դեղորայքային բուժման կուրս, և կուրսի ավարտից հետո, կապված նրանից, թե ինչ տվյալներ կունենանք, ամենայն հավանականությամբ` անհարժեշտություն կլինի վիրահատության: Բայց դա վերջնական կորոշվի բուժումից հետո»,- ասաց Չարչյանը։
ԲԿ-ի տնօրենը հայտնեց, որ սկզբում կկատարվի դիագնոստիկ վիրահատություն, որի արդյունքում կորոշվի՝ ինչ վիրահատություն կատարել․ «Վիրահատությունը կլինի մի քանի օրից, չեմ կարող հստակ օր ասել, մինչև որ հետազոտությունները լրիվ ավարտվեն և մինչև որ կոնսերվատիվ դեղորայքային բուժումը, նախավիրահատական պատրաստությունն ավարտվի:
Չարչյանը նշեց, որ թեպետ Ռոբերտ Քոչարյանն առողջական երեք տարբեր համակարգերից խնդիրներ ունի, այդ թվում սիրտ-անոթային, սակայն այդ խնդիրները հաղթահարելի են․ «Երկրորդ նախագահի ոգին շատ մարտական է, և բոլոր խնդիրները տոկունությամբ հաղթահարում է։ Այնպես չէ, որ այս հիվանդություններն ամբողջ կյանքում մնալու են իր հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը