Երևանյան որոշ մասնավոր գրասենյակների աշխատակիցներ դժգոհել են, թե տնօրինության կողմից պահանջ է դրվել մայիսի 14-ից հետո, երբ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը, աշխատանքի ներկայանալ կորոնավիրուսի թեստավորման պատասխաններով: Այսպիսի տեղեկատվություն է շրջանառվում տարբեր աղբյուրներից, չի նշվում, սակայն, հասցեատիրոջ անունը, թե ով է նախապայմանով առաջնորդվող գործատուն:
Պարետատան կողմից առայժմ նման պահանջ չի դրվել, որևէ որոշում չկա, պաշտոնապես հայտնեցին YerevanToday-ին:
Հետևաբար ավելորդ տագնապ տարածելու և մասնավոր կլինիկաներում վճարովի թեստավորման անհրաժեշտությունը չկա, վստահեցրին պարետատնից:
Նշենք, որ Երևանի մի քանի բուժկենտրոններ այս ընթացքում կարողացել են մասնավոր կապերով ներկրել RAPID թեստեր (արագ թեստեր), մեկ անձի թեստարովումն արժե 11 հազարից մինչև 25 հազար դրամ, դրանց հուսալիության մասով տեղեկատվություն չկա (չգովազդելու համար անուններ չեն նշվում):
Չնայած՝ Հայաստանի Կառավարությունը երաշխավորում է բացառապես իր պաշտոնական օղակներով ձեռքբերված և օգտագործվող կորոնավիրուսի ախտորոշիչ թեստերի որակը:
«Նախարարությունը տեղյակ է, որ մայրաքաղաքի որոշ լաբորատորիաներ իրականացնում են նոր կորոնավիրուսի թեստավորում, դրանք ձեռք են բերվել տարբեր կազմակերպությունների կողմից և վճարովի հիմունքներով են իրականացվում:
Սակայն նախարարությունը չի երաշխավորում դրանց որակը, դրանց ճշգրիտ լինելը միայն տվյալ ԲԿ-ները պիտի երաշխավորեն: Մենք պատասանատու ենք այն թեստերի համար, որոնք արվում են նախարարության կողմից՝ անվճար և պարտադիր բժշկի ցուցումով: Դրանք ՀՀ Կառավարությանը նվիրաբերած կամ գնումներով՝ պարետատան կողմից ձեռքբերված ախտորոշիչ թեստերն են»,- նախարարության պաշտոնական տեսակետը YerevanToday-ին հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ի դեպ, ՀՀ-ում գրանցված առաջին վիրուսակրի դեպքից հետո մինչ ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածը ՀՀ կառավարությունը Չինաստանից և Լեհաստանից ձեռք է բարել 320 հազար թեստ, ևս 100 հազար հատ թեստ նվիրաբերել է Չինաստանի ժողովրդական հանրապետությունը: Բացի այդ՝ եղել են նաև նվիրատվություններ՝ տարբեր կազմակերպությունների, ԱՀԿ-ի և ու անհատ բարերարների կողից՝ ինչպես Rapid տեսակի, այնպես էլ PCR թեստեր, նվիրատվության ընդհանուր թիվը՝ 49 հազար 700 թեստ:
Ստացվում է՝ գոնե այս փուլում մեր առողջապահական համակարգը թեստերի պակաս չունի, սակայն չգիտես ինչ հաշվարկներով՝ պաշարից օրական մինչև 700-750 թեստ են հազիվ անում: Չմոռանանք՝ նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսներից մեկում անկեղծացել էր՝ շատ թեստ անենք, շատ հաստատված դեպքեր կլինեն, և սա հայտարարվում էր դեռ նախնական փուլում, երբ հույս կար կանխել վարակի տարածումը: Համեմատության համար նշենք՝ Ադբեջանում օրինակ, ամեն օր թեստավորվում է 4600-4700 քաղաքացի, Վրաստանում ևս բարձր քանակ է ապահովվում, իսկ մեզ մոտ խնայողությունը չափից ավելի է։ Մարտի 1-ից մինչ օրս թեստավորվածների թիվը հազիվ գերազանցում է 20 հազարը, այսինքն՝ 2 ամսում օգտագործվել է ընդամենը 21125 (վերջին մեկ օրում՝ 893) թեստ:
Նիկոլ Փաշինյանը կարանտինի դեռ առաջին ամսում անզգուշորեն հայտարարել էր, որ մենք չպետք է մեր առջև խնդիր դնենք կաnխելու վարակի տարածումը, փոխարենը պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս իրավիճակից մահերի նվազ քանակով դուրս գանք:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը