08 04 2020

200-300 թեստ անելով չենք կարող ասել համաճարակն ի՞նչ պատկեր ունի. համաճարակաբան

200-300 թեստ անելով չենք կարող ասել համաճարակն ի՞նչ պատկեր ունի. համաճարակաբան

Pastinfo-ն գրում է․ «Հայաստանում կորոնավիրուսն իր պիկին չի հասել: Փոքր քանակությամբ թեստավորման պարագայում հնարավոր չէ ճիշտ դատել, թե համաճարակն ինչպես է զարգանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժիշկ-համաճարակաբան Արշակ Պապոյանը:

Վերջինս կարևորեց թեստավորումը, քանի որ վարակվածների մոտ 80 տոկոսն այսպես ասած ոտքի վրա է տանում վիրուսը առանց որևէ կլինիկական նշանի, և բնականաբար նրանք կարող են այլ մարդկանց վարակել: Այս պարագայում, երբ թեստավորում ենք քիչ և այն էլ հիմնականում այն մարդկանց, որոնց մոտ կան որոշակի կլինիկական նշաններ, ապա բաց ենք թողնում այն ստվար հատվածին, որը հիվանդ լինելով և այդ մասին չիմանալով, շարունակում է վարակել մարդկանց. «Նման դեպքում բնականաբար վարակվելու են ռիսկային խմբում գտնվող մարդիկ, քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց մոտ ավելի ծանր է ընթանալու հիվանդությունը: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այդպիսի մարդիկ միանգամից չհայտնվեն: Երբ նրանք միանգամից են հայտնվում, առողջապահական համակարգը չի կարողանում իր գործունեությունը ծավալի, կոլապսի է ենթարկվում, ինչը տեղի ունեցավ Իտալիայում, Իսպանիայում: Այս կամ այն ձևաչափով գործող սահմանափակումների նպատակն այն է, որ մաքսիմալ երկարաձգեն և միանգամից մեծ թվով մարդիկ չվարակվեն»,-ասաց Արշակ Պապոյանը նկատելով, որ այս տեսանկյունից պիկին չենք հասել:

Ավելին` համաճարակաբանը չի կարծում, որ 200-ից 300 թեստ անելով չենք կարող խոսել, թե համաճարակն ինչպես է տարածվում և ինչ պատկեր ունենք. «Մեր բնակչության հաշվով պետք է օրական 2000-ից 2500-ի կարգի հետազոտություն անենք: Այդ դեպքում կկարողանանք ասել սահմանափակումների ռեժիմը պետք է ավելի խստացնել, թե մեղմել է պետք և ինչը պետք է մեղմել, ինչը ոչ: Պետք է արդյոք դպրոցները բացվեն, երբ պետք է բացվեն, թողնենք մարդիկ աշխատեն, թե ոչ, այս հարցերին պատասխանելու համար թեստավորման թիվը պետք է մեծ լինի: Փոքր թեստավորման պարագայում շատ դժվար է եզրակացություն անել, որ արդեն ամեն ինչ լավ է, պիկն անցել է: Հակառակը տարբեր մասնագետների կարծիքով Հայաստանը դեռևս այդ պիկին չի հասել: Թեստավորումը շատ քիչ է:

Ավելի պարզ եթե ասենք, ապա կարելի է 0 թեստավորում անել, ուրեմն կունենանք 0 դեպք: Ինչ է դա նշանակում: Կարելի է 10 օր չանել և 10 օրում 0 դեպք ունենալ, հետո»,-նկատեց համաճարակաբանը:

Համաճարակաբանական տեսանկյունից այս պահի դրությամբ Հայաստանը կորոնավիրուսի պիկին չի հասել, և սահմանափակումների հնարավոր մեղմացումը կարող է հանգեցնի նրան, որ մարդիկ ավելի անլուրջ վերաբերվեն վիրուսին, ինչն էլ կնպաստի դրա տարածմանը:

Նշենք, որ ապրիլի 6-ին ֆեյսբուքի օգտատերերի հարցերին պատասխանելով հայտարարել էր, որ օրական կատարվում է 400 թեստ, սակայն հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ կատարվել է 312 թեստ, որից 28-ը դրական ցուցանիշ է արձանագրել, 284-ը՝ բացասական, ապրիլի 7-ի հրապարակած տվյալներով՝ կատարվել է 211 թեստ, որից 20-ի դեպքում հաստատվել է, իսկ 191-ի դեպքում՝ հերքվել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին, ապրիլի 1-ին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ