Ֆեյսբուքյան օգտատեր, Չարենցվան քաղաքի բնակիչ Վարդան Մակինյանն իր էջում ահազանգել է, որ երկկողմանի թոքաբորբով 22-ամյա որդուն կորոնավիրուսի թեստ չեն անում։
Yerevan. Today-ի հետ զրույցում Վարդան Մակինյանը մանարմասնեց, որ որդին շփվել է մեկի հետ, որն այս պահին գտնվում է հսկողության ներքո և վերջինն էլ շփում է ունեցել «Էջմիածնի դեպքով» փեսայի հետ։ «Վերջերս որդուս ինքնազգացողությունը վատացել է և դիմել է մեր մոտ՝ Չարենցվան հիվանդանոց, սակայն այստեղ համապատասխան ոչ բոլոր սարքավորումները կան։ Այստեղ ասացին՝ կան նոր սկսվող թոքաբորբի նշաններ, և բուժում նշանակեցին՝ ասելով՝ եթե էլ ավելի վատ զգա, դիմի իրենց։ Մենք զանգեցինք կորոնավիրուսի թեժ գիծ, ներկայացրինք իրավիճակը։ Իրենք էլ ասացին հանգիստ եղեք, ոչինչ չկա։ Ասել են՝ դուք պետք է վստահ լինեք, որ շփվել եք կորոնավիրուսով վարակվածի հետ, որ մեզ դիմեք։ Բայց մենք որտեղի՞ց պետք է վստահ լինենք։ Հետո ես եմ զանգում, ասում եմ, այդ թեստերը միայն Նիկոլի ու իր ընտանիքի համար են։ Բա Նիկոլը գիտե՞ր, որ ինքը հարուր տոկոս շփվել է վարակակիրի հետ, բա եթե ես հարուր տոկոսով իմանամ շփվել եմ հիվանդի հետ, էլ իմ ինչի՞ն է պետք թեստը, խի եք էլ դնում, դուք դնում եք, որ այդ կասկածը փարատեք։ Իմ այդ խոսելուց հետո հերթապահը հեռախոսն անջատում է իմ վրա։ Նորից եմ զանգում, ասում են դու քաղաքականացնում ես հարցը։ Ես էլ ասում եմ՝ հրապարակային մի անուն-ազգանուն կա, որ թեստ է հանձնել դա Նիկոլ Փաշինյանն է, ես հղում եմ անում իրեն»։
Մինչ Մակինյանը փորձում է զանգով հասկանալ՝ ինչու որդուն չեն ցանկանում թեստ անել, որդին այդ ընթացքում դիմում է «Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ ախտորոշում են երկկողմանի թոքաբորբ։
«Ասում են՝ դու պետք է պառկես մեր մոտ օրական 25 հազար դրամով, 5000 չգիտեմ ինչի համար պետք է տաս, մեկ էլ անալիզների ընդհանուր գումարը։ Զանգել եմ առողջապահության թեժ գիծ, ասում եմ՝ ինչի՞ պետք է այդքան գումար վճարենք, եթե պետպատվեր է։ Ասում են՝ պետք է վստահ լինենք, ասում եմ՝ եթե վստահ պետք է լինեք, դուք էլ ո՞ւմ շունն եք, որ ասեմ՝ կասկածվում եմ, կզանգեմ կասեմ հարուր տոկոս հիվադն եմ»,- ասաց Մակինյանը և հավելեց, որ այդ ընթացքում իր որդու վիճակն այնքան վատ է լինում, որ շտապօգնության մեքենայով են տեղափոխում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։
Մակինյանի կարծիքով, իր որդուն թեստ չեն անում, քանի որ նա իշխանության գործողությունները քննադատում է․ «Վստահ եմ սա քաղաքական պատճառներ ունի, միայն իրենց ընտանիքների համար է բերված թեստերը։ Սա պարզապես իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունից է գալիս, իրենք կառավարման ձևը մեզ հասցրել է այս օրին։ Իրենք բյուջեն թալանելու հետ մեկտեղ ափսոսում են թեստերը, որովհետև գիտեն՝ իրենց ընտանիքներին է թեստը հասնելու։ Կառավարության թեժ գիծ էլ եմ զանգել, ասել եմ՝ պետք է ամենաքիչը Նիկոլի ախպերը լինեմ, որ թեստ հանձնենք»։
Այժմ քաղաքացին Նորքի ինֆեկցիոնի մոտ է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը