Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի և ՀՀ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Հանդիպման սկզբում Հակոբ Ավագյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն ուղղված ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքը։ Այնուհետև քննարկվել են 2020թ. անելիքները և 2019թ. կատարված էական փոփոխությունները։ Զեկուցվել է, որ նախորդ տարի էականորեն լրացվել է բացակայող գույքի պակասը, ձեռք են բերվել նվազագույն կարիքները բավարարող համակարգչային տեխնիկա, կապի միջոցներ։ Ներդրվել է ուղիղ կապ տարածքային ստորաբաժանումների և սահմանային հսկիչ կետերի հետ: Կառավարության որոշմամբ՝ տարածքային ու գլխամասային ստորաբաժանումներին հատկացվել են տրանսպորտային միջոցներ՝ օպերատիվ արձագանքման համար։
2019թ. ԱԱՏՄ-ի կողմից իրականացվել է 1674 վերահսկողական միջոցառում, նշանակվել է շուրջ 500 տուգանք, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել ավելի քան 28 մլն դրամ։
Քննարկվել են նաև 2020թ. պլանային ստուգումների վերաբերյալ հարցեր։ Նշվել է, որ սահմանված կարգով և ժամկետում տեսչական մարմինը հրապարակել է պլանային ստուգումների տարեկան ծրագիրը, որտեղ տնտեսավարողներն ընդգրկված են ըստ ռիսկայնության աստիճանի՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի հաշվարկման մեթոդաբանության։
Հանդիպմանը ներկայացվել են նաև մանրամասներ 2021թ. հուլիսից աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման առումով տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների և «հակածխախոտային» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող վերահսկողական գործառույթների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը