Կարծիքը, թե ազատ ծխախոտային ինդուստրիան տնտեսապես ավելի օգտակար է երկրի համար, քան դրա դեմ պայքարը, միայն միֆ է: Այս մասին մարտի 11-ին Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ եթե 45 տոկոսով բարձրացվի ծխախոտի արժեքը, դա լուրջ ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա եւ մոտ 88 հազար մարդու կփրկի վաղաժամ մահից՝ համաձայն հետազոտության, որն անցկացրել են Հարվարդի եւ Վաշինգտոնի համալսարանների մասնագետները՝ Համաշխարհային բանկի հետ համատեղ:
Թորոսյանը նշեց, որ ծխախոտի հարկերի բարձրացումը կհանգեցնի ծխողների թվի նվազման, բայց միաժամանակ կմեծացնի պետական եկամուտները: Սա ապացուցվել է շատ երկրների փորձով: Թորոսյանի խոսքով՝ ծխելու դեմ պայքարը քաղաքակիրթ երկրի ընտրությունն է, որն ընտրում է զարգացման ճանապարհը:
Նիստից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության վերջին նիստին իր և վարչապետի միջև ծավալված քննարկմանը: Նա, մասնավորապես նշեց, որ միշտ կարծիք հայտնել է ու հայտնելու է։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չի՞ հանդուրժում կարծիքներ, ինչին ի պատասխան նախարարն ասաց.
«Դուք երևի տեսաք, թե ինչ լավ քննարկում ունեցանք»։
Նշենք նաև, որ վերջին շրջանում առողջապահության ոլորտում բացահայտվում են իրավախախտումներ, որոնց մասին գրություններն իրավապահներին է փոխանցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թեմային անդրադառնալով Արսեն Թորոսյանը նշեց.
«Ես իմ պարտքն եմ համարում ցանկացած իրավախախտման մասին հայտնել իրավապահ մարմիններին»։
Դիտարկմանը, որ բժիշկներից շատերը այդ գրություննեը մեկնաբանում են որպես «գործ տալ», նախարարը պատասխանեց.
«Եթե կա մի պաշտոնյա, որը իրավախախտման մասին չի հայտնում իրավապահ մարմիններին, ապա նա թաքցնում է իրավախախտումը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը