Վերջին օրերին սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ:
Չնայած նվազման միտմանը աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում:
Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները:
Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: 2019 թվականի հունվարի 22-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Ք. Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել:
Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Կարևորելով վերը նշվածն առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը