16 03 2020

Անհրաժեշտ է այս պահին գնահատել սերմնացուների պաշարները. Աշոտ Հարությունյան

Անհրաժեշտ է այս պահին գնահատել սերմնացուների պաշարները.  Աշոտ Հարությունյան

Գյուղատնտեսությունն այսօր Հայաստանում պետք է պարենային ապահովություն սահմանի: Այս մասին Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Աշոտ Հարությունյանը:

 «Ի սկզբանե պետք է ձեռնարկվեն անհարժեշտ քայլերը, որպեսզի հնարավորության սահմաններում հանրապետությունում առաջնային սննդամթերք համարվող բուսական ծագում ունեցող բարիքները շատ արտադրվեն և մոտենան մեր կարիքների բավարարմանը, որովհետև մենք չգիտենք, թե այս վիճակը որքան կտևի: Հաշվի առնելով, որ գարուն է, մենք ունենք հնարավորություն ճիշտ կազմակերպել աշխատանքներ, պլանավորել ցանքերը՝ ըստ մարզերի, և դրա հետ կապված հետագա քայլերը»,- նշեց  Աշոտ Հարությունյանը և հավելեց, որ հատկապես հիմա աշխատանքները պետք է օպերատիվ կազմակերպել և խնդիրներն ավելի արագ կարգավորելու համար պետք է ոլորտային օպերատիվ շտաբեր հիմնել:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ այս պահին անհրաժեշտ է գանահատել սերմնացուների պաշարները՝ լինի կարտոֆիլի, գարնանացան ցորենի, թե գարու և եգիպտացորենի. «Պետք է ձեռք բերել սերմնացուներ ու մշակել արագ ցանքերի կազմակերպման ծրագրեր՝ պլանավորելու դրանց խիստ անհրաժեշտ քանակները: Պետք է նաև անասնակերի խնդիրը կարգավորել, որ հետագայում խնդիրներ չունենանք և ելնելով վտանգից՝ ամբողջ գլխաքանակը չվերացվի»: 

Աշոտ Հարությունյանը համոզված է, որ այսօր պետք է լուծել ոչ թե բանանի կամ նարնջի, այլ առաջնային անհրաժեշտության սննդամթերիքի հարցը. «Համոզված եմ, որ կառավարությունը կձեռնակի անհրաժեշտ քայլեր, որ այդ քանկները լիմիտավորվեն: Եվ հետո մեր քաղաքացիներից, ովքեր զբաղվում են արտադրությամբ, ներկրմամբ, վաճառքով, պետք է հաշվի առնեն, որ  հետագայում ինչ մարտահրավերների առաջ կկանգնի երկիրը»:

Փորձագետը նշում է, որ պետությունը մթերքի ամբողջ քանակությունը կարող է ձեռք բերել և պահուստ ձևավորել կամ պետք է այս  պահից սկսած գնահատել վաղահաս կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարեղենի սպասվող քանկաները և դրանց ձեռքբերումը  պետության համապատասխան գերատեսչությունը պետք է կարգավորի. «Այսինքն, եթե մեկը հինգ տոննա կարտոֆիլ ունի, պետք է հասկանա, որ դա միայն իրենը  չէ, երկրին է»: 

Ինչ վերաբերում է հնարավոր թանկացումներին, Աշոտ Հարությունյանը նշեց. «Ապրանքի պահանջարկը մեծ է, ինքնըստինքյան որոշ տնտեսվարողներ կօգտվեն առիթից և որոշակի գնաճ գուցե լինի: Դրա համար համապատասխան մարմինը պետք է հետևի, որ այս պահին պետք չէ այլ խնդիրներ լուծել, մենք ունենք մեկ խնդիր՝ ազգովի պայքարենք և պատվով դուրս գանք այս փորձությունից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ