«Հայաստանում ոռոգման ջուրը նույնքան հասանելի պետք է լինի, որքան էլեկտրական հոսանքն է տարածված և հասանելի»․ այս խոսքերի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Խոստումը տվել է 2018թ․ մայիսի 8-ին, Ազգային ժողովում, երբ փորձում էր համոզել, որ ինքը կլինի լավագույն վարչապետը բոլոր առումներով։
Այդ տարի ոռոգման ջուր չեղավ, Փաշինյանի կառավարությունը ոռոգման սեզոնի ավարտին միայն թույլ տվեց Սևանից ջրառ անել, և գյուղատնտեսությունը մոտ երկնիշ անկում գրանցեց, ինչը բացառիկ էր։
Այս տարի՝ 2019 թվականին, կառավարության հունիսի 6-ի նիստում վարչապետն ասում է․ «Այս տարի ոռոգման սեզոնը լավ տրամադրությամբ սկսեցինք, որովհետև նախորդ տարվա համեմատ, ըստ էության, մեր բոլոր ջրամբարները լցված էին և կարող ենք ասել, որ հիմա էլ պրոցեսը չի ավարտված, որովհետև ձյունը չի հալվել և կուտակվում են․․․»։
Դրանից երկու օր առաջ՝ հունիսի 4-ին, Արմավիր-Երևան մայրուղին փակել էին Մայիսյան և Մրգաշատ գյուղերի բնակիչները։ Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն էր։
Հունիսի 10-ին ճանապարհը փակեցին Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչները՝ նշելով, որ ոռոգման սեզոնին անտարբերության են մատնվել։
Ճանապարհ էին փակել նաև Արագածոտնի մարզում։
Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ Խորեն Ստեփանյանն էլ NEWS.am-ին ասել էր, որ վարկ է վերցրել և ազնվամորու տնկիներ գնել, շուրջ 2 ամիս ոռոգման ջուր չունենալու պատճառով տնկիները չորացել են:
Այս ամենից հետո հարց է առաջ գալիս՝ ոռոգման լավ տրամադրությունը ո՞րն է և ո՞ւր է։ Եթե ջրի պակաս չկա, ինչպես նշում են, բա գյուղացին ինչո՞ւ ջուր չունի։ Դա էլ էնպիսի բան չէ, որ ասենք՝ կառավարությունը պահել է, որ ինքն իր համար օգտագործի։
Այս ամենը հիմնավոր ապացույց են նրա, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է նաև գյուղացիներին, խոստացել է բան, որը չի անում։ Ընդ որում՝ խաբել է հենց ամենասկզբից՝ վարչապետ դառնալու առաջին օրը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը