Կառավարությունը հունիսի 6-ին հավանության արժանացրեց որոշման նախագիծը, որով նախատեսվում է ոռոգման նպատակով ջրառ կատարել Սևանա լճից:
Ըստ որոշման նախագծի՝ ջրառ չափաքանակը սահմանվում է մինչև 170.0 մլն մ3:
Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2019 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 32 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմեն շուրջ 508 մլն մ3:
Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 195,0 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 60,0 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 35,0 մլն մ3 ջրաքանակներով` օգտվելով ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության` ՀՀ գետերի 2019թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսումից:
Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 168 մլն մ3:
Հաշվի առնելով նաև Մարտունու տարածաշրջանում Սևանա լճից ջրառ իրականացնող պոմպակայանների շահագործման անհրաժեշտությունը, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով սահմանված մինչև 170,0 մլն մ3 չափաքանակը:
Դեֆիցիտի մնացած շուրջ 50 մլն մ3-ը նախատեսվում է մեղմել Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ:
Հիշեցնենք, որ 2018 թվականին կառավարությունը ջրառ կատարելու որոշումը ուշացրել էր, որի հետևանքով գյուղատնտեսությունն աննախադեպ կորուստ կրեց։
2018 թվականի օգոստոսին Վարչապետ Փաշինյանը հավանություն տվեց Սևանա լճից մինչև 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու որոշմանը՝ նշելով, որ այս որոշումը ամենացավալին է իր կառավարության համար. «Կառավարությունը, երևի, 1,5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Հիմա մենք եկանք հետևյալ մոտեցման, որ, առաջինը, երաշխավորելու համար իրավիճակը մենք այսպիսի որոշում կկայացնենք, բայց, մյուս կողմից, կստեղծենք օպերատիվ խումբ, որը նույնիսկ օրենքի ընդունման պարագայում բոլոր մանրամասներով կուսումնասիրի իրավիճակը և կփորձի խնդիրները կառավարել այնպես, որ եթե կա որևէ գործնական հնարավորություն՝ սեզոնը փակել առանց այս հավելյալ 40 մլն խմ-ին ձեռք տալու, այդ խնդիրը լուծենք: Բայց ամեն դեպքում եթե ունենանք մի իրավիճակ, որ հանկարծ պարզվի՝ այդ բերքը ոչնչանում է կամ ոչնչանալու է, մենք, այնուամենայնիվ, այդ ջրառն կիրականացնենք»,- ասել էր վարչապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը