08 10 2018

Աղավնաձորցիները դժգոհում են խաղողի մթերման գներից

Աղավնաձորցիները դժգոհում են խաղողի մթերման գներից

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները հոկտեմբերի 8-ին հավաքվել էին՝ իրենց անհանգստությունն ու բողոքն արտահայտելու խաղողի մթերման գների հետ կապված: Նրանց խոսքով՝ իրենց նախապես մթերողներն այլ գին են ասել, շահագրգռել, որ խաղողի այգիների ծավալները մեծացնեն, իսկ այսօր այլ բան են ասում։

«Սա մի մարդու կարծիք չէ, սա ամբողջ համայնքի կարծիքն է։ Մենք գին չենք թելադրել, մենք չեն ասել՝ 350-1000 դրամ է մեր խաղողը,  այլ մեզ ձմռանը զանգել են ու  ասել, որ 350 դրամով պիտի գնեն, իսկ հիմա 250 դրամ են ասում»,- դժգոհեց խաղողագործը։ 

Բնակիչների պնդմամբ՝ ամբողջ ձմեռ գրեթե բոլոր մթերողները, այդ թվում Պռոշյանի գինու գործարանը, զանգել են խաղողագործներին և 1 կգ-ի համար առաջարկել առնվազն 350 դրամ: Բնակիչների կարծիքով՝ վերջին 15-20 օրվա «Արմենիա վայն» ընկերության գնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ արդեն 1կգ –ի համար առաջարկվում է 250 դրամ։ Խաղողագործների խոսքով՝ մի շարք փոքր մթերող ընկերություններ իրենց հետ մասնավոր զրույցներում ասում են, որ պատրաստ են անցած տարվա գներով մթերելու, պարզապես չեն կարող «Արմենիա վայնի գլխից թռնել»: Համայնքի բնակիչներն այս ամենում անգամ քաղաքական ենթատեքստ են տեսնում:

«Սա արվում է, որպեսզի դժգոհության ալիքներ բարձրանան, այլապես ասում են, որ ոչ մի մթերող չի կարողանում բացատրել, թե ինչու են անցած տարվա համեմատ այդքան պակաս գին առաջարկում: Թե նախկին կառավարության ժամանակ ճանապարհներ ու գլխավոր մայրուղի էինք փակում, որպեսզի մեր խաղողը մթերեին, հիմա չենք ուզում նման քայլերի գնալ, քանի որ վստահ ենք, որ նոր կառավարությունը կպաշտպանի մեր շահերը, և չենք ուզում մեր կառավարության համար նոր խնդիրներ ստեղծել»,-նշեց խաղողագործներից մեկը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ