Վիճակագրական վարչությունը մեզ համար հեղինակություն չէ, և հետո մեր ուսումնասիրությամբ այդ տոկոսն ավելի բարձր է՝ խոսքը գնում է 20 տոկոսի մասին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով վիճակագրության ծառայության տվյալներին՝ համապատասխան որի գյուղատնտեսության ոլորտում 5.5 տոկոսի չափով անկում է արձանագրվել:
«Հատկապես անասնապահությունն է շատ տուժել, տեսեք, թե շուկայում մսի արժեքն ինչ է դարձել: Համենայնդեպս դա հետևանքն է նրա, որ կառավարությունում մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, այն մարդիկ են զբաղվում գյուղատնտեսությամբ, որոնք շատ հեռու են գյուղատնտեսությունից, այնքան, որքան խոզը՝ տուռնիկից»:
Գյուղատնտեսի խոսքով՝ այս վիճակը հետևանք է նաև գյուղատնտեսական վարկային սխալ քաղաքականության և այն ծրագրերի, որոնք անում է կառավարությունը.
«Ծիծաղելին նաև այն է, որ էկոնոմիկայի նախարարը մինչև հիմա չի կարողանում բացատրել, որ երբ պարարտանյութը պետք է սուբսիդավորվեր պետության կողմից, ներկրող կազմակերպություններին որտեղից է գտել և ինչ գործ ուներ դրանց հետ, որ պետք է ցուցակ կազմեր՝ ո՞վ կարող է ներկրել, ով՝ ոչ: Այսինքն էստեղ նախարարի մոտ կոմերիտական ազնվությունն է, որ պետք է մենք ընտրենք, թե ով լինի: Բայց շուկան ազատ է, և բոլորն էլ կարող էին ներկրել, և արդյունքում ունեցանք այն, որ այդ սուբսիդավարված պարարտանյութն ավելի թանկ նստեց պետության վրա, քան, որ թողնեին ազատ ներկրում անել»:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են վիճակագրական ծառայության թվերն այդքան մեղմ, երբ իարկանում անկում ավելի մեծ է, Հրաչ Բերբերյանն ասաց.
«Գյուղերում թվերը հավաքում են գյուղապետերը, որոնք էլ լսում են մարզպետարաններին, որ մի քիչ ավել ցույց տուր, թե չէ մարզպետը կնեղանա: Մարզպետն էլ ասում է տարածքային կառավրման նախարարը կնեղանա, որ անկում եղավ: Նա էլ ասում է՝ վարչապետը կնեղանա, ու նման թվեր են նկարում, որն իրականությանը չի համապատասխանում: Այսինքն այն արտադրողը, որին պետք է հաշվետու լինեին, անտեսված է: Այ, մեր դժբախտությունը դրանում է, որ մենք արտադրողին հաշվի չենք առնում, ինչ-որ չինովնիկի ենք հաշվի առնում, որը գյուղատնտեսությունից հեռու մարդ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը