«Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգ՝ սիրված ու ճանաչված ավելի քան 40 հայ արտիստների մասնակցությամբ, որը մայիսի 2-ին ուղիղ կհեռարձակվի հիմնադրամի Youtube-ի պաշտոնական ալիքում՝ ժամը 20:20-ին Երևանի և առավոտյան ժամը 9:20-ին՝ Լոս Անջելեսի ժամանակով: Նախագծի մտահղացման և կազմակերպչական հարցերի շուրջ զրուցել ենք հիմնադրամի ղեկավար, հայտնի գործարար Արտակ Թովմասյանի հետ։
Պարո՛ն Թովմասյան, Մայիսի 2-ին «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամը» կազմակերպել է բարեգործական համահայկական ինտերակտիվ օնլայն համերգային ծրագիր: Ինչո՞ւ որոշեցիք նման համերգային ծրագիր կազմակերպել, ո՞րն էր մոտիվացիան:
Նախաձեռնության գաղափարն առաջացավ կորոնավիրուսի հետևանքով պայմանավորված իրավիճակից հետո, երբ օրեցօր վարակի նոր դեպքեր էին հայտնաբերվում: Մեր հիմնադրամն ուղղակի չէր կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակում մեր ժողովրդի և պետության նկատմամբ: Կորոնավիրուսն անկանխատեսելիորեն հայտնվեց ու փոխեց բոլորիս առօրյան՝ ստիպելով ապրել նոր կանոններով ու սահմանափակումներով:
Մեր նախագիծն ունի բարեգործական երեք ուղղվածություն՝ համերգ, աճուրդ և ֆլեշմոբ:
Միավորում է միանգամից մի քանի մայրցամաք. համերգին մասնակցում են ավելի քան 60 մշակութային գործիչներ թե՛ Երևանից, թե՛ Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, թե՛ Մոսկվայից, Բեյրութից, թե՛ Բրյուսելից և նույնիսկ Սիդնեյից:
Այն գործիչները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing), իսկ մյուս քաղաքներից մեզ միացած հայ արտիստները ելույթ կունենան տանից՝ առցանց (#StayHome):
Համերգի ընթացքում տեղի կունենա նաև բարեգործական աճուրդ, որին միացել են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են՝ Հենրիխ Մխիթարյանը, Դիդյեր Դրոգբան, Պոլ Պոգբան, Վիկ Դարչինյանը, Նիկոլյա Անելկան, Նելի Կոբզոնը, միշլենյան խոհարար Ժան Էդեղնը, Արթուր Աբրահամը, հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչը, Փոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոնը, օլիմպիական չեմպիոն Ռոբերտ Էմմյանը, Խորեն Հովհաննիսյանը, Լևոն Իշտոյանը և այլոք՝ նվիրաբերելով իրենց իրերից՝ «Միասին Մենք Կարող ենք» մակագրությամբ:
Համերգը առցանց և անվճար կհեռարձակվի Youtube-ի մեր պաշտոնական ալիքում,որին կկարողանան հետևել բոլորը:
Ընթացող Ֆլեշմոբի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ մեր միասնությունն ու ուժը. մեր ազգը շատ փորձությունների միջով է անցել, և սա էլ բացառություն չէ: Մեր միասնականության շնորհիվ մենք սա էլ կհաղթահարենք: Ֆլեշմոբի ընթացքում կիսվում են տեսանյութերով, որտեղ ասվում է «Միասին Մենք Կարող ենք»: Բոլոր այս նյութերը կօգտագործվեն նոր տեսահոլովակում: Բոլոր մանրամասները մեր պաշտոնական կայքում կարող եք գտնել։
Համերգային ծրագրին ովքե՞ր են մասնակցելու, ինչպե՞ս ընտրվեց մասնակցիների շրջանակը
Ի սկզբանե նախատեսել էինք 25 մշակութային գործիչների մասնակցություն, բայց, ինչպես գիտեք, մասնակիցների թիվն արդեն կրկնապակվել է: Միացել են արդեն գործիչներ ոչ միայն Հայաստանից և ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիբանանից, Բելգիայից, Ավստրալիայից: Բոլորը համաձայնել են ելույթ ունենալ առանց հոնորարի և դրանով իրենց աջակցությունը հայտնել այս բարեգործական նախաձեռնությանը, ինչը շատ ողջունելի է: Շատ գործիչներ հենց իրենք են դիմել ելույթ ունենալու համար և համաձայնություն տվել միանալու այս բարեգործական նախաձեռնությանը:
Ինչպե՞ս են իրականացվում նախապատարաստական աշխատանքները, հաշվի առնելով երկրում արտակարգ դրության պայմանները
Այո, իհարկե, համաճարակի ժամանակ ամեն ինչն է դժվարանում, քանի որ կյանքն է պարալիզացվում: Դժվարություններ եղել են և կան, բայց հենց հիմա է այն պահը, որ մենք պետք է անենք մեր ուժերից էլ ավելին՝ ցույց տալու, որ նույնիսկ ֆորսմաժորային նման իրավիճակը չի կարող խանգարել նման բարեգործական նախաձեռնությանը: Թիմն աշխատում է հիմնականում առցանց, հանդիպումները տեղի են ունենում՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, որպեսզի չվտանգենք ոչ մեկի առողջությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը