«Ամեն անգամ դեժավյուի զգացողություն է առաջանում, երբ քննարկում ենք թատրոնի, կինոյի և, առհասարակ, մշակույթի խնդիրների մասին հարցեր: Այո, չի եղել քաղաքական կամք, որ այս խնդիրները մենք կարողանայինք լուծել, որովհետև օրակարգում եղել են բացարձակապես այլ առաջնահերթություններ»,- «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ մշակույթն այս պահին Հայաստանի առաջին և ամենամրցունակ բրենդն է և դա կարող է տնտեսական լուրջ գործոն դառնալ: «Արդյոք տոնացույցում ամրագրելով Կինոյի օր, մենք կլուծե՞նք կինոյի խնդիրները, ոչ, մենք պետք է հասկանանք, որ սա համալիր խնդիր է, որը պետք է լուծվի ենթակառուցվածքներով: Մենք ժամանակին ծրագիր ունեինք վերականգնել համայնքային կինոթատրոնները, բայց ոչ շատ մեծ, այլ մոբիլ ձևով: Ես չեմ խոսում մարզային մշակութային օջախների կինոթատրոնների մասին, որտեղ դրեզդենյան ավերակներ են»,- հայտարարեց Զոհրաբյանը՝ նշելով, որ Կինոյի մասին օրենքի ընդունումը դեռ միայն սկիզբն է, անելիքներ շատ կան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը