Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի Նազենի Ղարիբյան։ Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր ծնողները։ Եթե նրանք ձեզ փոքր տարիքում հաճախ տարած լինեին ներկայացումների,դուք այսօր կհասկանայիք Մելպոմենի/պարազաբանումը հատուկ ձեզ համար․Մելպոմենը թատրոնի աստվածուհին է/հովանու տակ գտնվող թատրոնի դերն ու նշանակությունը։ Իսկ եթե տարել են, ապա ավելի վատ ձեզ համար, քանզի մնացել եք նույն ցնորամիտ համոզմունքին։
Եթե սա է մշակույթի նախարարության գործելակերպը, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես լուծարել արվեստին թշնամաբար տրամադրված այդ քաղցկեղատիպ օջախը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պիտի պահպանենք, ապա մեր դարավոր մշակույթն ու արվեստը մի նոր որակական աստիճանի բարձրացնելու համար պետք է հեռահար ծրագիր մշակել/վատ չէր լինի նաև մեր ողջ երկրի համար/։ Օգտակար լինելու միտումով ծրագրի մի քանի կետեր նշեմ։
1․Երիտասարդ արվեստագետներին հաճախ գործուղել արտասահման, աշխարհի նորարարական արվեստին հաղորդակից դարձնելու, փորձ կուտակելու համար/նախապես գիտեմ առարկելու ձեր հիմքը․ երկրում փող չկա։ Զսպեք նախարարության աշխատակիցների աննպատակ արտասահմանյան ուղևորությունների ախորժակը, հրաժարվեք ձեր հսկայական թիվ կազմող պարգևատրություններից ու հանկարծ փողը լույս աշխարհ կգա/։
2․Արվեստի յուրաքանչյուր ասպարեզ/երաժշտություն ,նկարչություն, թատրոն, կինո և այլն/ կարոտ է անաչառ ճշմարիտ, արհեստավարժ գնահատականի։ Մեզանում դա արվում է տնավարի, խնամի-ծանոթի մակարդակով։ Արվեստը դոփում է տեղում, երբ չափանիշները խարխլված են։ Ուրեմն պետք է ստեղծել ամեն ասպարեզի համար 3-4 հոգանոց համբավ ունեցող ԴՐՍԻ արվեստագետների ժյուրիներ, որոնք վերջապես յուրաքանչյուր արվեստի գործին կտան իրեն արժանի գնահատականը, որը և կնպաստի ստեղծագործողի իր նկատմամբ պահանջկոտության աճին/փողը նույն աղբյուրից/։
3․Մեր երկրի բյուջեի առյուծի բաժինը հատկացվում է բանակին։ Փողի պակաս։ Ոչ շահութաբեր թատրոնները թառել են պետության վզին։ Պետությունն էլ աշխատում է ամեն կերպ իր վրայից թոթափել այդ բեռը, ահա թե ինչու օգտվելով օտարոտի, անհրապույր <<օպտիմալացում >> բառից, դուք՝տիկին Նազենի, ցանկանում եք փակել, կամ անիմաստ կերպով միավորել թատրոնը ինստիտուտին, քառյակը՝թանգարանին։ Դուք կառավարության կազմում լինելով պետք է ի պաշտոնե հանդես գաք որպես արվեստի պաշտպան և ոչ թե կամակատար։ Ձեր գործը պետք է լինի ոչ թե փակելը, այլ ուղիներ փնտրելը։ Սավա Մորոզով, Տրետյակով․․․ մեցենատներ։ Մեր երկրի միլիոնատերերը իրենց փողերը ներդնում են շահութաբեր բիզնեսի մեջ /ռեստորաններ կաֆեներ, հյուրանոցներ, կազինոներ, սուպերմարկետներ/։ Թատրոններում ներդնեն, որ ինչ անեն։ Նրանց մեղադրելը անարդարացի կլինի։ Ամբողջ աշխարհի թատրոնների իննսուն տոկոսը գոյատևում է ի հաշիվ մեցենատների։ Ուրեմն մեզանում կարելի է մի օրենք ընդունել, որով հարուստ բիզնեսմենների հարկերի ընդամենը մի քանի տոկոս հատկացնել թատրոններին։ Հասկանալի է, որ այդ գումարները նորից պետական բյուջեից են պակասելու,բայց գոնե բազմաթիվ խնդրահարույց հարցերից մեկը կկարգավորվի։ Եվ վերջում մի անեկդոտ։
Արվեստի համաշխարհային ֆորում է։ Մուտքը միայն մանդատներով։ Պիկասոն կորցրել է իր մանդատը։ Նրան ներս չեն թողնում։
-Բայց ես Պիկասոն եմ։
-Ապացուցեք։
Պիկասոն էլ նկարում է իր հայտնի խաղաղության աղավնին և նրան ներս են թողնում։ Սովետական Միության մշակույթի նախարար Ֆուրցևան նույնպես կորցրել է իր մանդատը։ Նրան էլ ներս չեն թողնում։
- Բայց ես Սովետական Միության մշակույթի նախարարն եմ։
-Ապացուցեք։
-Ինչպես ապացուցեմ։
-Այ, նոր Պիկասոն էլ էր կորցրել մանդատը։ Ապացուցեց՝ ներս թողեցինք։
-Պիկասոն ով է։
-Խնդրեմ, անցեք։
Աղաչում եմ տիկին Նազենի Ղարիբյան, հեռու մնացեք Ֆուրցևայից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը