Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակակատար Նազենի Ղարիբյանի այն հայտարարությանը, ըստ որի` «քանի որ ինքը [Համազգային թատրոնը] եղել է մասնավոր թատրոն, էսպես ասենք` կուսակցական թատրոն, հետո դարձել է ՊՈԱԿ, իմ կարծիքով` կարող է գոյություն ունենալ ինքնուրույն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի աշխատակազմը հայտարարություն է տարածել:
«Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից փետրվարի 25-ին տարածած հաղորդագրության` հայտնում ենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտում կուրս չի ունեցել: Թատրոնը հիմնադրել է Սոս Սարգսյանն իր համախոհներ Դավիթ Հակոբյանի, Կարինե Ջանջուղազյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Մայիս Կարագյոզյանի, Շահում Ղազարյանի, Նոնա Պետրոսյանի, Տիգրան Ներսիսյանի, Նելլի Խերանյանի, Հրաչյա Գասպարյանի և այլոց հետ: Վերը թվարկված մարդկանցից և ոչ ոք չի եղել Սոս Սարգսյանի ուսանողը և ունի իր մեծ ավանդը Հայաստանի թատերական կյանքի կայացման գործում:
Համազգային թատրոնը երբևէ չի սպասարկել որևէ կուսակցական շահ, թատրոնի խաղացանկում չեն եղել կուսակցական գաղափարախոսություն տարածող ներկայացումներ:
Ինչ վերաբերում է թատրոնի` ամբողջական դոտացիայի տակ լինելու մասին հայտարարությանը, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բյուջեից թատրոնին հատկացվող դոտացիան մասնակի է, որն ամբողջությամբ ուղղվում է թատրոնի անձնակազմին տրվող աշխատավարձերի ֆոնդին, իսկ բեմադրությունների կազմակերպման և մնացած ընթացիկ ծախսերը վճարվում են թատրոնի տոմսերի վաճառքից և նվիրատվություններից ձևավորվող տարեկան արտաբյուջեից:
Թատրոնի ժանրային առանձնահատկության բացակայության վերաբերյալ հայտնեւմ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող որևէ թատրոնն կամ մշակութային հասատություն ժանրային առանձնահատկության պարտադրանք չունի, ավելին` թատրոնի յուրաքանչյուր ներկայացաում չկրկնվող և միայն Համազգային թատրոնի բեմում ցուցադրվող առանձին ստեղծագործություն է:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հայտարարում է, որ, անկախ հակամշակութային հայտարարությունների, շարունակելու է իր գործունեությունը, և թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը»,- նշված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը