26 02 2019

Մտածող եղե՞լ է․․․փնտրվում է․ թանգարանը՝ օպտիմալացումների մասին

Մտածող եղե՞լ է․․․փնտրվում է․ թանգարանը՝ օպտիմալացումների մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ 

«Մշակութային տարբեր հաստատությունների օպտիմալացման որոշման նախագծով առաջարկվում է 15 ՊՈԱԿ-ների միավորում, լուծարում, մասնավորեցում…

Հայաստանի առաջին երաժշտական – հուշային թանգարանի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մասով նախագծում ասված է հետևյալը. «… թանգարանի նպատակն է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կյանքն ու գործունեությունը, ստեղծագործական ժառանգությունը ներկայացնող թանգարանային առարկաների և թանգարանային հավաքածուների պահպանումը, հայտնաբերումն ու հավաքումը, ուսումնասիրումը, հաշվառումն ու հանրահռչակումը: Թանգարանի հավաքածուն ներառում է 1345 թանգարանային առարկա: Միաժամանակ կոմպոզիտորի կյանքին և գործունեությանը նվիրված հարուստ հավաքածու ունի Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը: Հաշվի առնելով հավաքածուի ուղղվածությունը և գործառութային կրկնությունը՝ նպատակահարմար ենք գտնում վերակազմակերպման միջոցով այն միացնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ որպես մասնաճյուղ»։

Տեղեկացնում ենք, որ նախագծի մասին տուն-թանգարանին պատկան գերատեսչության կողմից պաշտոնական տեղեկացում չի տրվել՝ անգամ գրավոր հարցման պարագայում։ Այնուամենայնիվ, կասկածից վեր է, որ մամուլում առկա հրապարակումն ավելի քան հավաստի է, և հատկապես այս փուլում խիստ կարևոր են մեխանիկական կրճատումների հետևանքները գիտակցող և արդյունավե՛տ օպտիմալացմամբ շահագրգիռ անձանց և փորձագետների կարծիքն ու գնահատականը…

ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ , ԱՊԱ ԱՅՆ ՀԱԿԱԴԻՐ Է ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ։

Առաջարկի մշակման փուլում, ոլորտի գիտակ փորձագետների՝ անգամ մակերեսային խորհրդատվությունը նախագծի հեղինակներին հաստատապես կհուշեր ճիշտ ուղի և գուցե կանխեր մշակույթի ոլորտի զարգացումը վտանգի տակ դնող այս ընթացքը։ Սակայն առաջարկի որակը թույլ է տալիս ենթադրել, որ փորձագիտական աշխատանքը բացակայության չափ թերի է։ Առկա չէ նաև արդեն իսկ մասնաճյուղի կարգավիճակում գործող մշակութային հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատումը, այլապես.

1. Նկատի առնված կլիներ այն անբեկանելի փաստը, որ Ալեքսանդր Սպենդիարյանի գործունեությունն ու ստեղծագործական ժառանգությունն անկասկած պարտադրում են ՀՀ առաջին ժողովրդական արտիստի տուն-թանգարանի մշտական գոյությունը։

 2. Զարգացող և գործունակ տուն-թանգարանը չէր դիտարկվի որպես կազմակերպաիրավական կարգավիճակի նվազեցման ենթակա միավոր։3. Կլիներ Հայաստանի առաջին երաժշտական-հուշային թանգարանը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 52-ամյա տուն-թանգարանը, կարևորելու գիտակցումը, նաև այն պատճառով, որ տեսակի մեջ այն առաջինն է՝ մեկը առկա երեքից (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Կոմիտաս թանգարան-ինստիտուտ)։

4. Կլիներ կոնկրետ արձանագրումը այն փաստի, որ թվարկված գործառույթների (նույնականությունը խիստ մասնակի է) ամբողջական իրականացումը հենց Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի առաքելությունն է, և ավելի քան տրամաբանական կլիներ ԳԱԹ-ում պահպանվող Ա. Սպենդիարյանի ֆոնդը հանձնել կոմպոզիտորի տուն-թանգարանին (ԱՍՏԹ-ն համապատասխան առաջարկով ՀՀ մշակույթի նախարարություն է դիմել դեռևս 2009թ.)։ 

Հակափաստարկների առավել մանրամասնման անհրաժեշտությունը չտեսնելով և անտեսելով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Ն. Ղարիբյանին ուղղած գրավոր հարցմանն հաջորդած քար լռությունը՝ այնուամենայնիվ, լիահույս ենք, որ գերատեսչությունում կկարևորեն մեր հարցադրումները և կպատասխանեն որևէ ձևաչափով.

1. Նկատի ունենալով Ն. Ղարիբյանի՝ հեռուստառեպորտաժում հնչեցրած պնդումը, որ առաջարկը մշակելիս աշխատել են գերատեսչության փորձագետների հետ՝ խնդրում ենք հրապարակել այդ փորձագետների անունները։ 

2. Եթե առկա է օպիմալացումից ակնկալվող արդյունքի հաշվարկ, ապա խնդրում ենք այն հրապարակել ընդհանուր և յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի՝ մասնավորապես Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կտրվածքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ