Դեկտեմբերի 7-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության կոմիտեի 13-րդ նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից միաձայն որոշում է կայացվել Հայաստանի կողմից ներկայացված «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (Monastery of Geghard and the Upper Azat Valley) վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) շնորհելու վերաբերյալ։
Այսպիսով «Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը դարձել է Հայաստանի առաջին մշակութային արժեքը, որին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ է տրամադրվել։«Գեղարդի վանք և Ազատ գետի վերի հովիտ» վայրը 2000 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
«Ուժեղացված պաշտպանությունը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. կոնվենցիային կից 1999թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն սահմանելու համար: Այն նպատակ է հետապնդում ապահովել մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հատուկ հուշարձանների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը` միջազգային կամ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ: Մեխանիզմը պահանջում է հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ նման հուշարձանի վրա հարձակումից, ինչպես նաև այն կամ դրա անմիջական շրջապատը ռազմական նպատակներով ցանկացած օգտագործումից:
Արձանագրությունը նաև սահմանում է քրեական պատիժներ` ֆիզիկական անձանց կողմից մշակութային արժեքի նկատմամբ ուժեղացված պաշտպանությունը խախտելու պարագայում: Ուժեղացված պաշտպանության կարգավիճակ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում այժմ ընդգրկված է մարդկության համար բացառիկ արժեք հանդիսացող 17 մշակութային արժեք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը