16 10 2018

Կարեն Ներսիսյանը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Կարեն Ներսիսյանը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի: Այդ պաշտոնում նշանակվեց Ղազախստանի Ալմաթի քաղաքի Մ. Յ. Լերմոնտովի անվան ռուսական դրամայի թատրոնի բեմադրող ռեժիսոր Կարեն Ներսիսյանը: Այս մասին հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ֆրեդ Դավթյանը:

«Եղել են լուրջ քննարկումներ գեղարվեստական ղեկավարի նշանակման վերաբերյալ, թեկնածուների գործեր են հավաքվել: Վերջին քննարկումներից հետո ներկայացված հինգ թեկնածուից ընտրվեց երկուսը` Կարեն Ներսիսյանը և ռեժիսոր-բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը»,-պատմեց Դավթյանը:

Նրա խոսքով` Սուրեն Շահվերդյանին շատերն են ճանաչում, քանի որ նա բնակվում է Հայաստանում, իսկ Կարեն Ներսիսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է Ստանիսլավսկու թատրոնում, գրեթե մեկ տարի աշխատել է որպես բեմի բանվոր, հետագայում թատրոնում դիպլոմային ներկայացումներ է բեմադրել, այնուհետև մեկնել Ռուսաստան: Ինը տարի աշխատել է բեմադրիչ, դրամատուրգ, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Ռոզովսկու հետ: Ներկայացումներ է բեմադրել Ռուսաստանի մի շարք թատրոններում: Գրեթե 50 բեմադրության հեղինակ է:

«Ինձ համար կարևոր է այն փաստը, որ Կարեն Ներսիսյանը գեղարվեստական ղեկավարի փորձ ունի: Իմ համոզմամբ` Կարեն Ներսիսյանը տիրապետում է հոգեբանական թատրոնին, այն ոճին, որին մեր թատրոնը մնում է և մնալու է հավատարիմ»,-ընդգծեց Ֆրեդ Դավթյանը:

Նրա խոսքով` իր որոշմամբ ստորագրվել է հրաման, որի համաձայն թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանը: Պայմանագիրը ստորագրված է մինչև 2019 թվականի վերջ ժամկետով:

Դավթյանը ասաց, որ թատրոնի կոլեկտիվի մի մասը կողմ էր Սուրեն Շահվերդյանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակմանը, իսկ մյուս կողմը` Կարեն Ներսիսյանի:

Դավթյանը նշեց, որ Կարեն Ներսիսյանը Հայաստանում կլինի նոյեմբերի տասին և խոստացավ նրա մասնակցությամբ մամուլի ասուլիս կազմակերպել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ