Գյումրիում տեղի է ունեցել ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը: ԱՄՆ-ում լույս տեսած և արդեն իսկ բեսթսելլեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Կենսագրական գրքում ներկայացվում է Քըրքորյանի կյանքը՝ մանկությունից մինչև մահ, պատմվում է այն մասին, թե ինչպես աղքատ ներգաղթյալի որդին դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն գործարարներից մեկը:
Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Բեսթսելլերը ներկայացվելու է Վանաձորում, Հրազդանում, Սևանում: Մեծ շնորհանդես է սպասվում Երևանում և Արցախում:
«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018թ. հունվարի 23-ին:
Քըրք Քըրքորյանը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում: 2004 թվականին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար նրան շնորհվել էր Հայաստանի «Ազգային հերոս» կոչումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը