Մշակույթի նախարարությունը բոլոր մասնավոր ներդրողներին, բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Սարգիս Մուրադյանի՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի մշակույթի տան նախասրահում գտնվող «Սասունցիները» որմնանկարի վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին:
Նախարարության հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել և մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի և Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար:
Հիշեցնենք, որ 20-րդ դարի նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի կողմից այս որմնանկարն արվել է 1974 թվականին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը