Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բացվել է Ֆեբիոֆեստ միջազգային 25-րդ հոբելյանական կինոփառատոնը, որի գլխավոր հյուրն է դարձել աշխարհահռչակ շանսոնյե, կոմպոզիտոր և դերասան Շառլ Ազնավուրը:
Այս մասին հայտնում է «Օրեր» ամսագրի կայքը:
Կինոփառատոնի 25 տարիների ընթացքում նա 44-րդ հանրահայտ կինոգործիչն է, որ արժանանում է նման պատվավոր մրցանակի՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար։
Մրցանակը հանձնելուց առաջ ցուցադրվել է նրա խաղացած ֆիլմերից մի տեսաշար, իսկ «Քրիստիան» արձանիկը հանձնելու պահին ողջ դահլիճը հոտնկայս ողջունել է Ազնավուրին։
Նա խոստացել է կրկին վերադառնալ Պրահա, քանի որ դեռ շատ լավ չի կարողացել ծանոթանալ Չեխիային։
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել չեխական քաղաքական և մշակութային էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Չեխիայի վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը և Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը