ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։ Ըստ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի, այդ կարևոր դետալներից մեկն այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։
Նա միաժամանակ հիշեցնում է, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։
«Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։
Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։
Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։
Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը»,- գրել է Վարուժան Գեղամյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը