Առեղծվածային Հայրավանքի մոտ՝ մոգական Սևանի ափին, «Դարի գտածոն» ֆիլմի ստեղծագործական թիմը պատրաստվում է հերթական դուբլին։ Սպասվում է արկածային կատակերգություն, որի երիտասարդ գիտնական հերոսուհուն Հայաստան է բերել պատմական առեղծվածը՝ հայկական հնագույն ձեռագրերում թաքնված գլուխկոտրուկը բացահայտնելու ցանկությունը։
«Դարի գտածոն» աշխատանքային անվանումով ռուսաստանյան ֆիլմի մեծամասնությունը նկարահանվելու է Հայաստանում։
«Մենք նկարահանումները սկսել ենք Երևանում, շարունակել՝ Սևանում, հետո նԼոռիում, Գյումրիում, և կրկին վերադարձել Երևան։ Շատ հետաքրքիր ու սիրուն վայրերում ենք լինելու, հույս ունեմ, որ գեղեցիկ էֆեկտներով այդ ամենը ցույց կտանք։ Հուսանք այն հետաքրքիր կլինի ոչ միայն մեր ռուս հեռուստադիտողների, այլև հայերի ու ամբողջ աշխարհի համար։
Այս գաղափարն առաջացել է Վիկտոր Սողոմոնյանի մոտ։ Նա այս մտահաղացումը Ռոմա Կանտորի և մեզ հետ համատեղ ստեղծել ու իրականացնում է։ Մենք ընկերություն ենք, որը թեև մեծ փորձ ունի, բայց այս աշխատանքը Հայաստանում մեզ համար դեբյուտային է։ Եթե մի ժամանակ գալիս էինք որպես զբոսաշրջիկ, հիմա եկել ենք, որ իրականացնենք մեր ստեղծագործական մտահղացումները։ Անկեղծ ասած՝ կարևոր էր հասկանալ, թե այստեղ ով կարող էր մեզ համար դառնալ գործընկեր, ում հետ կարող ես այս պատմությունը ստեղծել։ Այդ ընկերությունը դարձավ Alpha Cinema Production-ը։ Նրանք պրոֆեսիոնալ, փորձառու մարդիկ են, որոնք օգնեցին մեր ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի երևույթների վրա, որոնք մեզ աննշան ու անկարևոր էին թվում։
Նրանց հետ սկսել ենք նախապատրաստական աշխատանքներն այս տարվա մարտ-ապրիլին։ Չնայած հեռավորությանը, որը թեև շատ մեծ չէր, բայց խնդրահարույց էր, մենք կարողացանք գտնել այն սիներգիան, որը մեզ հնարավորություն տվեց իրականացնել նախապատրաստական աշխատանքները։ Նկարահանումների փուլին անցանք առանց բարդությունների, այդ գործընթացն այնպես էր կազմակերպված, որ դժվարությունները որևէ կերպ չազդեցին ստեղծագործական փուլի վրա, ինչի համար գործընկերներից շնորհակալ ենք»,- «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է «MEM Cinema Production»-ի արտադրության տնօրեն Եվգենի Կազակովը։
«Դարի գտածոն» կոմեդիայի տարրերով արկածային ֆիլմ է՝ բաղկացած 8 սերիայից։ Նախագիծը մեծ է, կան և՛ ռուս դերասաններ, և՛ դերասաններ Հայաստանից։
Օգոստոսի սկզբից Okko առցանց կինոթատրոնը, «Originals Production» պրոդյուսերական կենտրոնը և «MEM Cinema Production»-ը հայտարարել են 8 մասից բաղկացած արկածային կատակերգական դետեկտիվի նկարահանումների մեկնարկի մասին՝ «Դարի գտածոն» աշխատանքային վերնագրով։
Ռուսական MEM-Production պրոդյուսերական ընկերության տեղական գործընկերը հայկական Alpha Media House ընկերությունն է (Alpha Cinema Production մասնաճյուղ), որը կազմակերպել է նկարահանումների նախապատրաստումն ու մեկնարկը։
«Դարի գտածոն»-ն ստեղծել են հանրահայտ «Ստրուկը» (պրոդյուսերներ՝ Թայմուրազ Բաձիև, Դավիթ Ցալլաև), «Համաճարակ», «Արծաթե չմուշկներ», «Վարպետը և Մարգարիտան» (սցենարի հեղինակ՝ Ռոման Կանտոր) և քաղաքական դետեկտիվ ժանրի «Դեսպանատուն», «Վարշավա 21» (պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյան) ֆիլմերի հեղինակները:
Նոր սերիալը նկարահանելու է ռեժիսոր Սեմ Լիտովչինը («Համալսարան. 13 տարի անց», «Գայթակղություն»), իսկ օպերատորն Անդրեյ Դանիելյանն է («Ամեն ինչ կկարգավորեմ», «Կարմիր 5):
Ռուսական առաջին high-end սերիալը, որն ամբողջությամբ կնկարահանվի Հայաստանում, կթողարկվի 2025 թվականին:
Ֆիլմի հերոսները՝ երիտասարդ գիտնական Դիանա Աճառյանը (Դարյա Ուրսուլյակ) և երիտասարդ տաքսու վարորդ Ավետը (Արամ Վարդևանյան), փնտրում են հայկական հնագույն ձեռագրերից մեկում զետեղված երկհազարամյա առեղծվածի՝ ռեբուսի լուծումը: Նրանք պետք է անցնեն երկրի հայտնի եկեղեցիներով և վանքերով, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային երթուղիներով՝ փորձելով լուծել պատմական հանելուկը։ Նրանց հակադրվում է միջազգային սինդիկատը, որի ներկայացուցիչները, ժամանելով Հայաստան, պատրաստ են ամեն ինչի, միայն թե առաջինը դիպչեն «Աստծո մասնիկին» և իմանան նախահայր Նոյի կնոջ անունը։
Ութ մասից բաղկացած սերիալի նկարահանումները տեղի կունենան Հայաստանում 2024 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր։ Ֆիլմն իր ժանրային առանձնահատկություններով, ստեղծողների և դերասանների աստղային կազմով հավակնում է դառնալ բլոկբաստեր, որը որոշիչ կդառնա առաջիկա տարիներին Ռուսաստանից Հայաստան այցելուների համար զբոսաշրջային երթուղիների ընտրության հարցում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը