01 08 2023

Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ. Սիմֆոնիկ նվագախումբ

Հույս ունենք՝ մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ. Սիմֆոնիկ նվագախումբ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես տեղյակ եք, հանրային դաշտում լայն քննարկում են գտել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող տեղեկությունները, որոնք տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում:

Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների կողմից և շնորհակալություն ենք հայտնում սատարման, ջերմ խոսքերի և ընթացիկ իրադարձությունների հանդեպ սթափ մոտեցումների համար:

Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:

Մենք հույս ենք հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կերպով կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը, կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին: Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է:

Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում դժվարին պահերին մեր կողքին լինելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ