Խոսրովի արգելոցում գտնվող Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքը փլուզվելու շեմին է։ Համալիրը երկրաշարժերի հետևանքով լրջորեն վնասվել է։ Հավատացյալները մեծ դժվարությամբ են կարողանում այցելել:
Իրավիճակի վերաբերյալ Yerevan.Today-ը փորձեց պարզաբանում ստանալ պատկան մարմին՝ ԿԳՄՍ նախարարությունից: Գրավոր հարցման մեջ ներառել էինք մի շարք հարցեր՝ ինչքանո՞վ են խնդրի տեղյակ պատկան մարմինները և ի՞նչ են պատրաստվում անել, ինչ ժամկետներում, արդյո՞ք նախարարությունը դիտարկում է վանական համալիրը Մայր Աթոռի պահպանությանը հանձնելու հնարավորությունը, արդյո՞ք նման փորձառություն եղել է նախկինում:
Ստորև ներկայացնենք հարցման պատասխանը․
«Խոսրովի արգելոցում գտնվող Սուրբ Ստեփանոս Աղջոց վանքն ընդգրկված է ՀՀ Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրականացնում է մշտադիտարկում, որի արդյունքում յուրաքանչյուր տարի կազմվում է առավել վտանգված հուշարձանների ցանկ: 2022-ի տվյալներով ՀՀ-ում կան առավել վտանգված և վերականգնման ենթակա շուրջ 600 պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, որի մեջ ընդգրկված է Աղջոց վանքը:
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին » ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ «.... Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո...»:
Հաշվի առնելով վերոնշյալ ցանկերում ընդգրկված հուշարձանների հսկայական թիվը և դրանց համար անհրաժեշտ միջոցների սղությունը՝ նախարարությունը վանքի վերականգնումը կդիտարկի առաջիկա միջնաժամկետ ծախսային ծրագրում ընդգրկելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ նախարարությունը փորձում է համագործակցել բարերարների հետ՝ հուշարձանները մասնավոր միջոցներով վերականգնելու նպատակով:
Վերականգնվող բոլոր հուշարձաններն ընտրվում են առավել վտանգված հուշարձանների ցանկից, հաշվի են առնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձանները, ինչպես նաև ընթացիկ վերականգնվոց հուշարձանների վերականգնումը տրամաբանական ավարտին հասցնելու հարցը:
Կառավարության մի շարք որոշումնեով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին սեփականության իրավունքով հանձնվել են շուրջ 200 եկեղեցիներ, որոնց մեջ Աղջոց վանքը ներառված չէ»:
Նախարության պատասխանից պարզ է դառնում, որ վանքի վերանորոգում մոտ ապագայում նախատեսված չէ, իրենք էլ հակված չեն վանքը հանձնելու Մայր Աթոռի հոգածությանը, թեև նման բազմաթիվ նախադեպեր կան՝ շուրջ 200 եկեղեցիներ հանձնվել են: Ինչու Աղջոց վանքի դեպքում այդ տարբերակը չի դիտարկվում, անհասկանալի է: Հավանական է՝ նախարարությունը ավելի շատ գերադասում է դիտարկել բարերարներ գտնելու տարբերակները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա:
Թե երբ նախարարությանը կհաջողվի միջոցներ ներգրավել վանքը վերանորոգելու համար, հայտնի չէ, բայց փաստ է, որ կա միջնադարյան կոթողը կորցնելու մեծ վտանգ, քանի որ փորձագետներն ահազանգում են, որ հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Նշենք, որ Աղջոց Սուրբ Ստեփանոս վանքի փլուզման ահազանգեր հնչել են վերջին օրերում տարբեր լրատվամիջոցներում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը