19 06 2020

Խոսրովի արգելոցում այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ



Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայրում են գտնվում 84 փրկարար ծառայող և արգելոցի 16 աշխատակից։

Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ 

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, ան­տառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ