Ինձ մոտ համոզմունք է, որ փորձում են կալանավորել այն մարդկանց, որոնք դեմ են, որ Սյունիքով միջանցք բացվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ և Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ես համոզված եմ, որ դատարանը բավարարելու է քննչական մարմնի միջնորդությունը և կալանավորելու է Առուշ Առուշանյանին, առնվազն 1-2 ամսով, իսկ Առուշանյանը պատերազմի առաջին օրերից եղել է խրամատում։ Նույնը նաև կարող ենք ասել Մանվել Փարամազյանի մասին, որն արդեն մեկ շաբաթից ավել կալանավորված է և նրա մոտ արգելված են անգամ այցելությունները»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նա նաև ընդգծեց, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կկալանավորեն և դա կլինի թվով 4-րդ կալանավորումը այս շարքից:
«Արդյունքում մենք կունենանք Սյունիք՝ առանց մարտնչող համայնքապետերի։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք պատրաստ ենք հետագա ցանկացած քայլերի, փողոց ենք դուրս գալու, մենք պատրաստել ենք նաև նամակներ, քանի որ միջազգային կառույցները և դեսպանները չեն նկատում, թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ մենք մանրամասն ներկայացրել ենք՝ ինչ է կատարվում այստեղ»,- նշեց նա:
«Հայաստան» դաշինքի անդամը նաև ընդգծեց, որ Հայաստանը հետընտրական փուլում դարձել է բռնապետություն և ուժային կառույցները դարձել են Նիկոլ Փաշինյանի կամակատարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը