ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Շախմատի միջազգային ֆեդերացիային` մտահոգված լինելով Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ
ՖԻԴԵ-ի կայացրած վերջին որոշումների կապակցությամբ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի` Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին ուղղված նամակում մասնավորապես ասվում է.
«Իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի («ՖԻԴԵ») կողմից Հայաստանի շախմատի ազգային հավաքականի և ամբողջ շախմատային ընտանիքի նկատմամբ վերջերս կայացված որոշումների կապակցությամբ:
Մասնավորապես, Հայաստանի դեպքում «ՖԻԴԵ»-ն մերժեց Հայաստանի բողոքարկումը հետևյալ փաստարկով.
«համացանցի կապի որակի և կայունության ապահովումը խաղացողի պատասխանատվությունն է: Օլիմպիադայի ընթացքում այս կետը կիրառելու պրակտիկան արդեն հաստատվել է նախորդ միջադեպերում: Ստեղծված իրավիճակում ցանկացած այլ որոշում հակասում է մրցաշարի կանոնակարգին` ստեղծելով նախադեպ, որը կարող է հանգեցնել հետագա հակասական իրավիճակների»:
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հիմնավոր բացատրություն և բարձրացրել նաև որոշ հարցեր, «ՖԻԴԵ»-ն որոշում է կայացրել չդիտարկել դրանք:
Ցավոք, իրավիճակն ու խնդիրները հետագա զարգացում ունեցան և ի վերջո «ՖԻԴԵ»-ն չհետևեց իր նախադեպին և Հնդկաստանի դեպքում խաղերը համարեց չխաղարկված կամ թերխաղացված, մինչդեռ Հայաստանի դեպքում՝ խաղացողը համարվեց պարտված «ժամանակի» պատճառով: Արդյունքում, «ՖԻԴԵ»-ն հանդես եկավ աննախադեպ որոշմամբ՝ մրցաշարի հաղթող ճանաչելով և՛ Ռուսաստանը, և՛ Հնդկաստանը:
Մենք դա համարում ենք անարդար և ոչ հետևողական մոտեցում, որը չի ապահովում անդամ երկրների հանդեպ հավասար վերաբերմունքը, ինչը հիմնաքարային է «ՖԻԴԵ»-ի՝ որպես միջազգային կառույցի պարագայում:
Վստահ եմ, որ իր կայացման երկար ճանապարհի և առաքելության մեջ «ՖԻԴԵ»-ն փորձում է բարձրացնել մրցաշարերի նկատմամբ վստահությունը: Այդ վստահությունը կառուցվում է բոլոր մրցակցող թիմերի համար հավասար մրցակցության պայմանների ապահովման միջոցով, որպեսզի նրանք բոլորը համարեն, որ արժանանանում են հավասար վերաբերմունքի: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ մի իրավիճակում, երբ Հայաստանի շախմատի ազգային թիմը համարում է, որ առնչվել է խտրական վերաբերմունքի: Ուզում եմ հավաստիանալ, որ «ՖԻԴԵ»-ն այս միջադեպի վերաբերյալ բացատրություն կտա մրցաշարի մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, շախմատային համայնքին և կձեռնարկի բոլոր հետևողական քայլերը (ներառյալ նույնիսկ միջոցառման վերսկսումը Հայաստան-Հնդկաստան թիմի խաղային փուլից): Լիահույս ենք, որ վստահության ստեղծման նմանատիպ նախաձեռնությունները ապագայում կկանխեն նմանատիպ միջադեպերը և կմիավորեն շախմատային աշխարհը»։
Նախարար Հարությունյանը եզրափակել է, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել թյուրիմացությունը լուծելուն ուղղված երկխոսությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը