18 03 2022

Նոր հեծանիվ չենք հորինելու,ՀՀ–ն հետ է մնացել ծխելու դեմ պայքարից․ Անահիտ Ավանեսյան․ «Հրապարակ»

Նոր հեծանիվ չենք հորինելու,ՀՀ–ն հետ է մնացել ծխելու դեմ պայքարից․ Անահիտ Ավանեսյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը ծխելու արգելքի մասին օրենքի և այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հե: Նախարարն ասել է, որ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ հավասարապես արգելվում է ծխելը ռեստորանային համակարգում, ապա տնտեսապես որեւէ տուժում չի լինում։ Բացի դրանից, հակառակը կա, որ միջին չեկի արժեքը, այսինքն՝ անցկացրած ժամանակը, պատվիրված սննդի քանակն ավելացել է, եւ ի հակառակ տենդենցն է գրանցվել, այլ ոչ թե շահույթների կորուստը»,- ասաց նախարարը։

- Տիկին Ավանեսյան, խոսքը բացօթյա տարածքների մասին է եւ հատկապես նրանց, ովքեր սիրում են սուրճը վայելել ծխախոտի հետ։ Հիմա այդ մարդկանց Վահան Քերոբյանը, օրինակ, առաջարկում է, որ գնան, մի քանի մետր այն կողմ ծխեն՝ գան։ Այդ մի քանի մե՞տրն է խանգարում՝ ի՞նչ տարբերություն՝ բաց տարածքում սեղանի շուրջ նստա՞ծ են ծխում, թե՞ սեղանի կողքը կանգնած։ Անտրամաբանական է ստացվում։
 

- Բացարձակ անտրամաբանական չի, նորից եմ կրկնում՝ այն կոչված է պաշտպանելու այն մարդկանց, ովքեր ծխում են, որպեսզի ավելի քիչ ծխեն, որպեսզի մեր երեխաներն այս վնասակար սովորույթից զերծ մնան։ Եվ մեր ընդհանուր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան՝ մեր քաղաքացիներին առողջ պահելուն։

- Մի քիչ շատ չի՞ կոշտացրել Հայաստանն իր քաղաքականությունն այս հարցում, թե՞ Եվրոպայի պահանջն է։

- Գիտե՞ք, սա մեր օրվա հրամայականն է, որովհետեւ մենք ունենք սրտանոթային հիվանդություններով մահացության բավականին բարձր բեռ, այն գրավում է առաջին տեղը, երկրորդ տեղում է քաղցկեղով պայմանավորված մահացությունները, եւ մենք պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիներին առողջ պահելու եւ նվազեցնելու մահերը այս հիվանդություններից։

- Այդ դեպքում գուցե կառավարությունը որոշի, որ Հայաստանում ընդհանրապես ծխելն արգելված է, ու արգելի՞ ե՛ւ ծխախոտի ներկրումը, ե՛ւ արտադրությունը։

- Մենք չենք արգելում մարդկանց ծխել, այլ սահմանափակում ենք այն վայրերում, որտեղ դա վնասում է թե՛ իրենց, թե՛ այն մարդկանց, ովքեր որ չեն ծխում։

- Իսկ եթե ձեր այդ «չարգելքի» արդյունքում որեւէ վիճակագրություն չփոխվի՝ ծխողները շարունակեն նույն չափով ծխել, բայց ո՛չ մարդիկ շահեն, ո՛չ տնտեսությունը։

- Գիտե՞ք, ի վերջո մենք նոր հեծանիվ չենք հորինելու։ Ծխելու դեմ պայքարը վերջին տասը տարիների ընթացքում շատ ակտիվ ընթացել է, եւ ինչ-որ առումով Հայաստանն իր կարգավորումներով հետ է մնացել։ Մենք հիմա փորձում ենք այս ռեֆորմի միջոցով հաստատել այդ մաքուր օդի քաղաքականությունը եւ մարդկանց զերծ պահել հիվանդանալուց։ Հիշում եք՝ տարիներ առաջ մարդիկ ծխում էին նաեւ ինքնաթիռում, այնուհետեւ վերացվեց այս հնարավորությունը եւս, ու սարափելի բան չպատահեց՝ ծխող մարդիկ թռչում են երկար ժամերով եւ չեն ծխում։

- Ի դեպ, սա Արսեն Թորոսյանը համարել է իր հաղթանակը, սա ի՞ր ռեֆորմն ու հաղթանակն է։

- Ես կարծում եմ՝ սա մեր կառավարության շատ կարեւոր ռեֆորմներից է, եւ մենք մի թիմով, այո, աշխատել ենք, պայքարել ենք, եւ շատ ուրախ եմ, որ այսօր ունենք այն, ինչ ունենք։
 

 Մանրամասները՝ «Հրապարակ»–ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ