11 03 2022

Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցները թափանցիկ չեն. ինչ են թաքցնում հանրությունից. հետազոտություն. «Ժողովուրդ»

Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցները թափանցիկ չեն. ինչ են թաքցնում հանրությունից. հետազոտություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, երբ երկրի կառավարման ղեկը լրագրողների աջակցությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանին անցավ, իրենց ժողովրդավար հռչակած իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից սկսեցին խոսել ու մինչեւ այժմ էլ խոսում են ժողովրդավարական արժեքներից եւ լրատվամիջոցների թափանցիկությունից: Ամենաբարձր՝ վարչապետ Փաշինյանի մակարդակով մերօրյա իշխանավորներն ամբիոններից վերամբարձ տոնով հայտարարում են, որ հանրությունն իրավունք ունի իմանալու, թե իրենց մատուցած լրատվության հետեւում ով է կանգնած, լրատվամիջոցների իրական տերերը պետք է հայտնի լինեն եւ այլն:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը» վերլուծության մեջ նույն իշխանություններին սպասարկող օնլայն հարթակները չեն նույնականացվում, կամ որ նույնն է, թափանցիկ չեն. տերերը հայտնի չեն: Հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հետազոտել են հայկական 89 առցանց լրատվամիջոցներ, 41 հեռուստա եւ ռադիոընկերությունների 44 առցանց հարթակներ եւ, որպես ընդհանուր արձանագրում, այն իրողությունն է, որ լրատվադաշտը նույնականացման տեսանկյունից փնթի վիճակում է:

Փաստորեն, Աժ ամբիոնից, տարբեր հարթակներից լրատվամիջոցների թափանցիկության մասին հայտարարող իշխանությունն ինքն է հենց խախտում թափանցիկության կարեւորագույն սկզբունքը: Տեղեկացնենք, որ «Ռեգիոն» կենտրոնի հետազոտած լրատվամիջոցների ցանկում իշխանությանը սատարող երեք լրատվամիջոց է ներառված եղել, որոնցից միայն մեկն է հայտնվել թափանցիկ լրատվամիջոցների ցանկում. Armtimes.com:

«Մյուս երկուսը` Freenews.am կայքը, հեռուստաընկերությունը եւ civic.am կայքը ունեցել են 0-2 նույնականացման տվյալ ներկայացված եւ հայտնվել են ոչ թափանցիկ լրատվամիջոցների շարքում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Լաուրա Բաղդասարյանը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության քարոզչական հարթակները թաքցնում են իրենց իրական տերերին, ֆինանսական միջոցները եւ այլն:

Իհարկե, Հայաստանում կան տասնյակ տարիներ գործող ԶԼՄ-ներ, որոնք մասնակի թափանցիկ են, բայց Նիկոլ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցների ոչ թափանցիկ կարգավիճակը չի բխում այն սկզբունքներից, որոնք կարեւորում է հենց ինքը` լրագրող Փաշինյանը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ