24 02 2022

Մսխել, մսխել մինչև... վերջին «խազը». «Փաստ»

Մսխել, մսխել մինչև... վերջին «խազը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե հետահայաց նայենք Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների շղթային, ապա կտեսնենք, թե 2018 թվականից սկսած ինչպես է հետևողականորեն, անշեղորեն մսխվում մեր երկրի ունեցած պոտենցիալը, ինչն առավել ցայտուն կերպով տեսանելի է հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում։

Բնականաբար, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում, քանի որ պատճառահետևանքային կապ է գործում նաև այն հարցում, թե ինչու ենք հասել կապիտուլ յացիոն պարտության վիճակի ու ի վիճակի չենք դուրս գալ դեպի ներքև քաշող ճահիճից։ Խնդիրն այն է, որ բավարար ջանքեր չեն գործադրվել Հայաստանի համար ավելի բարենպաստ արտաքին միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այս իշխանություններն իրենց ողջ պաշտոնավարման ընթացքում վատնել կամ քանդել են անցյալից ժառանգություն ստացածը, սակայն նորը չեն կառուցել, ավելին՝ պատի վրա որևէ քար չեն ավելացրել։ 

Փոխարենը նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տեղի ունեցած ձեռքբերումներն ու խոշոր միջոցառումները ներկայացնում էին որպես իրենց արտաքին քաղաքական ձեռքբերումներ և դրանով բավարարվում։ Օրինակ՝ այդպես էր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի և տարբեր երկրների ներկայացուցիչներին Հայաստանում մեկ հարկի տակ հավաքելու հետ կապված այլ կարևոր միջոցառումների դեպքում։ Եվ չնայած գործող իշխանությունների պաշտոնավարումը մոտենում է արդեն չորս տարվա եզրագծին, սակայն նրանցից որևէ այնպիսի նշանակալից նախաձեռնություն չենք նկատել, որի դեպքում Հայաստանի միջազգային դերակատարությունը կարող էր ընդլայնվել։

Ճիշտ է՝ Փաշինյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է մի շարք երկրների առաջնորդների հետ հանդիպումներ ունենալ, սակայն գործնական և բովանդակային առումով այդ հանդիպումները հիմնականում ոչ հագեցած ու ձևական բնույթ են կրել։ Երևի թե միակ հիշարժան դրվագը, որ մնացել է մարդկանց հիշողության մեջ, տարբեր երկրների ղեկավարների ու պաշտոնյաների հետ Փաշինյանի սելֆիներն են։ Իսկ ամենացավալին այն է, որ արտաքին գործընկերների հետ փոխգործակցության հիմքեր ստեղծելու փոխարեն իշխանությունները վարպետացան միայն մեկ հարցում՝ թշնամանք սերմանել հանրության տարբեր հատվածների միջև, ատելություն գեներացնել ու բաժանարար գծեր անցկացնել քաղաքացիների միջև։

Ուստի պարզ է, որ մինչ ՀՀ իշխանության ներկայացուցիչները հիմնականում զբաղված էին հասարակությունը պառակտելով ու դրա ֆոնին իրենց պաշտոններն ու պարգևավճարները վայելելով, հակառակորդն ակտիվորեն աշխատում էր հնարավոր բոլոր արտաքին ուղղություններով։ Ու այդպես է նաև ներկա փուլում։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը հասցրեցին փոխադարձ հարաբերություններն այնքան խորացնել, որ արդեն ընդլայնված համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրն» են վավերացնում, որն իր սուր ծայրով ուղղված է Հայաստանի դեմ։ Իսկ ՀՀ իշխանությունները լռում են, չեն ցանկանում անգամ միանալ այդ հռչակագրին արձագանքելու հետ կապված ընդդիմության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե դա կվնասի «խաղաղության օրակարգին»։

Պատերազմից հետո փաստացի Ադրբեջանը կարողացել է հարաբերությունների խորացմանը վերաբերող հռչակագիր կնքել և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ, իսկ ՌԴ-ի ու Հայաստանի մյուս գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ այս ընթացքում ի՞նչ քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ։ Ակնհայտ է, որ ոչինչ չեն ձեռնարկել և միայն հակառակորդին զիջումներ կատարելով են զբաղվել։ Իսկ պատերազմից հետո ընդհանրապես որևէ դաշնակցային պայմանագիր չեն կնքել։ Ուստի բնական է, որ եթե մենք ի վիճակի չենք աշխատել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, ապա մեր փոխարեն աշխատում է հակառակորդ պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ իշխանությունները հասել են բարոյալքման այնպիսի մի աստիճանի, որ գրեթե ամենօրյա ռեժիմով կուլ են տալիս հակառակորդի նվաստացումները։

Հասկացանք, որ իշխանության ներկայացուցիչների համար ամենակարևորը սեփական աթոռն է, նրանք ինքնասիրություն չունեն, բայց հարցը ոչ թե իրենք են, այլ պետությունը, որի ինքնիշխանությունը դրել են խաղատախտակին։ Փաշինյանը ընդդիմադիր եղած ժամանակ ԱԺ ամբիոնից իրեն պատռում էր ինքնիշխանության անխոնջ պաշտպան ներկայանալու համար, սակայն ճակատագրի հեգնանքով հենց ինքը, կարծես թե, համակերպվել է, որ այսօր մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտված է հակառակորդի կողմից։ Տպավորություն է, որ Փաշինյանն արդեն նախընտրում է այդ մասին չխոսել։ Ու արդեն պարզ է, թե մյուս պետություններն այս պարագայում ինչպես են նայում Հայաստանին...

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ