«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման խնդիրը միշտ էլ հանրային ուշադրության առարկա է եղել, այլ հարց է, որ շատ հաճախ ժողովրդավարության թեման շահարկվել է նեղ քաղաքական շահերն առաջ տանելու նպատակով։ Օրինակ՝ իշխանափոխության ընթացքում ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանը «բերանի ծամոն» էր դարձրել ժողովրդավարությունը՝ անընդհատ նշելով, թե երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն ինչ որոշում ընդունի, ապա դա իր համար «օրենք» կլինի, քանի որ ինքը հող է ժողովրդի ոտքերի տակ։
Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, «շաքար ասելով՝ բերանդ չի քաղցրանա», ու Փաշինյանի այս հավաստիացումները ամուր հիմք էին դառնում հակառակի համար. ի հետևանս՝ երեքուկես տարի իշխանությունները երկրի համար կարևորություն ունեցող հարցերում որոշումներ ընդունելիս ամբողջովին անտեսել են ժողովրդի դիրքորոշումն ու հանրային կարծիքը, բռնաճնշումներ իրականացրել քաղաքական հակառակորդների նկատմամբ, իսկ իրադրությունն այնպես են ներկայացրել, թե իրենք ժողովրդի ցանկությունն են իրագործում։ Փաշինյանը փորձում է արտաքին աշխարհում ներկայանալ հենց ժողովրդավարական «բրենդի» քողի ներքո։ Խնդիրն այն է, որ մեր իշխանություններն ընդունակ չեն արտաքին գործընկերների հետ բովանդակային և ոլորտային հստակ համագործակցության օրակարգ ձևավորել, որպեսզի ամբողջովին չմեկուսանան արտաքին աշխարհից։ Դրա համար էլ օգնության է գալիս ժողովրդավարության թեման։
Կարծես թե սրանով իշխանությունները փորձում են նաև արտաքին լեգիտիմության հարց լուծել։ Օրինակ՝ տևական ժամանակ Փաշինյանը «տանջվում-տառապում» էր ԱՄՆ նախագահի ընդունելությանն արժանանալու համար, սակայն չէր ստացվում, քանի որ ՀՀ իշխանություններին չէր հաջողվում ապահովել քննարկման համար համապատասխան բովանդակային հարցերի շրջանակ։ Եվ ահա, այդ առիթն ընձեռվեց անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ վարչակազմի նախաձեռնությամբ «Հանուն ժողովրդավարության» համաժողովի տեսքով, որի ժամանակ Փաշինյանը հնարավորություն ունեցավ ցանկալին իրականության փոխարեն ներկայացնել, թե իրենք ժողովրդավարական իշխանություն են և գործում են՝ ժողովրդավարության տարածման շահերից ելնելով։ Եվրոպական ուղղությամբ ևս իշխանությունները փորձում են ներկայանալ ժողովրդավարության լույսի ներքո։ Եվ եվրոպական կառույցները բանաձևեր են ընդունում, թե Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» է։
Այդ շրջանակում օրերս էլ ձայների գերակշիռ մեծամասնությամբ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևը, ըստ որի, Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում՝ սկսած 2018 թվականից։ Սա, կարծես թե, իշխանությունների սրտի գործընթացն է, բայց հարցն այն է, որ ժողովրդավարական առաջընթացը ոչ թե պետք է պատվիրակների քվեարկությամբ որոշվի, այլ արտացոլվի իրականության մեջ։ Ընդ որում, զարմանալի է, որ մեղադրում են ընդդիմադիր պատգամավորին, թե բանաձևին դեմ է քվեարկել ու դա կապում են պետության շահի հետ: Այնինչ, Նիկոլ Փաշինյանն ու իր «նիկոլները» պետություն չեն, այլ այս պահին պարզապես իշխանություն են, ու բացառապես նրանց նվիրված և իրականության հետ աղերս չունեցող հայտարարությանը դեմ քվեարկելը նույնիսկ տրամաբանական է։ Ի վերջո, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել, երբ, օրինակ՝ ժողովրդավարության առանցքային բաղկացուցիչ մաս կազմող իշխանության թևերի տարանջատման, հակակշիռների և փոխզսպման մեխանիզմների ապահովման մասին խոսք անգամ չկա. այս մեխանիզմներն ընդհանրապես չեն գործում։ Գործում է բացառապես կառավարման համակարգի բևեռացման ու ավտորիտարիզմի հասնելու երազանքից բխող՝ մեկ անձի իշխանության մեխանիզմը, գումարած՝ խոսքի ազատության ճնշումներն ու քաղաքական հետապնդումները։
Այս շրջանակում պետք է դիտարկել նաև դատական իշխանության նկատմամբ բռնաճնշումները։ Պատահական չէ, որ «Այս երկրում դատավոր կա, որ իմ ասածը չանի՞» կարգախոսի ներքո Փաշինյանը նախաձեռնեց դատարանների շրջափակումը, ՍԴ-ում դատավորների փոփոխությունը և ընդհանրապես անկախ արդարադատության համակարգի ոչնչացումը։ Եվ 2018 թվականից սկսած իրենց համար ավանդույթ դարձած գործելակերպը իշխանությունները (հասկացեք՝ Փաշինյանը) շարունակում են նաև այսօր։ Եվ դրա ակնառու օրինակներից է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ սկսված հետապնդումները: Խնդիրն այն է, որ Բորիս Բախշիյանն անկախ որոշումներ է ընդունել այն գործերով, որոնցով պետք է քններ իշխանության ընդդիմախոսներին կալանքի միջնորդություն ներկայացնելու հարցը։ Դատավորի պաշտպանները նրա նկատմամբ հետապնդման մեջ քաղաքական դրդապատճառներ են տեսնում: Սա միայն մեկ օրինակն է, այդպիսիք շատ են, ու ոչ միայն դատավորների առումով. բավական է, որ մեկն ու մեկը չկատարի Նիկոլի իղձերը, նրա նկատմամբ անմիջապես քրեական գործ են «կարում»:
Մեծ հաշվով, երեքուկես տարվա ընթացքում երկրում տեղի ունեցող գործընթացները՝ դատարանների շրջափակումից ու ՍԴ-ի վրա հարձակումներից սկսած մինչև ընդդիմադիր գործիչների կալանավորումներ, բերման ենթարկումներ, նրանց նկատմամբ քրեական գործերի հարուցումներ և այլն, ոչ միայն ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունեն, այլև ցույց են տալիս, որ գործ ունենք ժողովրդավարությունը ոտնահարող ու ժողովրդավարության վրա, մեծ հաշվով, թքած ունեցող իշխանությունների հետ, ինչն առաջին հերթին վարկաբեկում է մեր երկիրը։ Եվ հարց կարող է հնչել, թե այդ դեպքում ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն Հայաստանում ժողովրդավարության առաջընթացն արձանագրող բանաձև ընդունում։ Թերևս դրանով արտաքին ուժերը Փաշինյանին ու նրա թիմին իշխանության պահելու խնդիր են լուծում, քանի որ նրանք այլևս ոչ թե Հայաստանի շահերն են պաշտպանում, այլ զբաղված են արտաքին խաղացողների պահանջներն իրականացնելով ու Հայաստանի ինքնիշխանությունը զիջելով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը