«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող ՔՊ-ն, թե՛ խորհրդարանական համանուն մեծամասնությունն այժմ սպասում են առաջիկայում սպասվող նիստերին, որին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կքննարկեն կամ, ավելի շուտ, կիմանան՝ ով է ՔՊ-ի թեկնածուն։ Բանն այն է, որ նախագահի թեկնածուին Փաշինյանն անձամբ է ընտրելու ու ներկայացնելու թիմակիցներին, ու այնպես չէ, որ կուսակցականներն առարկելու կամ քննարկելու են թեկնածուի ընտրության հարցը։
Թեեւ իշխանությունը նախագահի մի քանի թեկնածուների անուններ դիտարկել է, որոնց մասին նաեւ մամուլը գրեց, բայց չի բացառվում, որ վերջին պահին Փաշինյանը որոշի սեփական թիմից որեւէ մեկին նախագահ «կարգել»: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր պատկերացումների նախագահի կերպարին: Նա ընդգծեց, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։
«Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», – հայտարարեց Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը