23 12 2021

Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ «Փաստ»

Տարածաշրջանային նախաձեռնողականության հարցում Հայաստանի անգործության արդյունքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մինչ Հայաստանում քննարկվում է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցը, տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք ընդգրկում են նաև հնարավոր համագործակցության մեխանիզմների մշակումը։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ պատերազմից հետո ուժերի նոր հարաբերակցության պայմաններում Թուրքիայի դերակատարությունը էապես մեծացել է, բայց պանթուրքական ծրագրերի կենսագործման համար անհրաժեշտ են փոխգործակցության հարթակներ, որոնց միջոցով Անկարան հնարավորություն կստանա ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում, ապա սողոսկել Միջին Ասիայի տարածաշրջան։

Դրանով է պայմանավորված, որ հենց Թուրքիայի առաջարկով է ստեղծվել Հարավային Կովկասում տարածաշրջանային փոխգործակցության «3+3» հարթակը։ Եվ եթե Մոսկվայում այս հարթակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վրաստանը չէր մասնակցում (այն ընթացավ «3+2»-ի ձևաչափի շրջանակներում), ապա առաջիկայում Թուրքիայում նախատեսվող հանդիպման ժամանակ Անկարայի ճնշման ազդեցության ներքո Վրաստանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի։ Այս ձևաչափի կյանքի կոչմանը զուգահեռ թուրք-ադրբեջանական ակտիվ դերակատարությամբ ձևավորվում են մի շարք ենթակառուցվածքային, էներգետիկ, տրանսպորտային և այլ տարածաշրջանային նախաձեռնություններ։

Իսկ այս նախագծերում մեր հարևան Իրանը քիչ դերակատարություն ունենալ չի կարող՝ հաշվի առնելով այդ երկրի դիրքը և ունեցած ռեսուրսները։ Սակայն ուշադրության է արժանի, որ հոկտեմբերին Իրանը խոշոր զորավարժություն էր կազմակերպում Ադրբեջանի հետ սահմանին, զգուշացնում Սյունիքի հետ կապված վտանգի մասին՝ հայտարարելով, թե իրենց համար անընդունելի է տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունը։ Այդ իրադարձությունների ֆոնին անգամ իրանական պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան և հայտարարեցին Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կառուցելու հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։ Բայց հիմա, երբ Ալիևը շարունակում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, իրանական կողմից ոչ մի արձագանք չկա։

Ի՞նչ պատահեց, մի՞թե Իրանին պանթուրքական վտանգն այլևս չի անհանգստացնում։ Պատասխանն այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ակտիվորեն աշխատում են Իրանի հետ։ Ուշագրավ է, որ վերջերս Աշխաբադում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համաձայնության եկան թուրքմենական գազն Իրանով Ադրբեջան հասցնելու մասին, որն անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հասցնել մինչև Եվրոպա։ Սա նշանակում է, որ թուրքադրբեջանական տանդեմը, հաշվի առնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները, փորձում է էներգետիկ նախագծերի միջոցով թուլացնել այդ երկրի վրա տնտեսական ճնշումը և իրանական իշխանություններին դրանով շահագրգռել իրենց հետ աշխատելու հարցում։ Եվ մինչ Անկարան ու Բաքուն կոնկրետ քայլեր են ձեռնարկում Թեհրանի հետ համագործակցության ուղղությամբ, հայկական կողմը ձեռքերը ծալած նստած է։ Հայաստանում միայն խոսում են հայ-իրանական դարավոր բարեկամության մասին, սակայն այն իր արտացոլումը չի գտնում խոշոր նախագծերի շրջանակներում։

Օրինակ՝ կարելի էր իրանական, ինչու չէ՝ նաև թուրքմենական գազը Հայաստանով տեղափոխել Վրաստան, ապա այլ երկրներ։ Եթե դա Հայաստանը չանի, միևնույնն է, Թուրքիան ու Ադրբեջանն են իրանական ու թուրքմենական գազը տեղափոխելու իրենց նախագծերի շրջանակներում։ Շատերի կողմից կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանը մեզ չի թողնում, որպեսզի իրանական գազի տրանզիտային նախագիծ ստեղծենք։ Սակայն սա համոզիչ փաստարկ չէ, քանի որ նշված նախագիծը կարելի է իրականացնել ռուսական ընկերությունների ակտիվ մասնակցությամբ։ Բացի դրանից, ռուսներին մեծապես ձեռնտու կլինի, որ թուրք-ադրբեջանական նախագծերին մրցակից հայտնվի։

Իրանի հետ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների լարված փուլից հետո Բաքվում Իրանի դեսպանը սոցցանցի իր էջում քարտեզ է հրապարակում, որում նշվում է, թե Հյուսիս-Հարավ միջանցքն անցնելու է Ադրբեջանի տարածքով և Արևել յան Եվրոպան կապելու է Հնդկաստանի ու Պակիստանի հետ, իսկ մեկ այլ ճանապարհով էլ կապվելու է Սիրիայի ու Իրաքի հետ։ Հատկանշական է, որ դեսպանի կողմից հրապարակված քարտեզում Հայաստանով անցնող տարածաշրջանային նշանակության ճանապարհ չի նշվում, այսինքն, Հայաստանը դուրս է մնում այլընտրանքային հաղորդակցության ուղի ունենալու իր կարևոր դերակատարությունից։

Բացի դրանից, մի կարևոր խնդիր էլ կա, որը մեզանում այնքան էլ ուշադրության չի արժանանում։ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքները բռնազավթելու հետևանքով Իրանի սահմանն Արցախի հետ դադարել է գոյություն ունենալուց, իսկ այս տարածքների նկատմամբ իր հավակնությունները լեգիտիմացնելու նպատակով Ադրբեջանը փորձում է տարբեր երկրներից կազմակերպություններ ներգրավել այդտեղ իր կողմից իրականացվող ենթակառուցվածքային և այլ նախագծերում։ Եվ ուշագրավն այն է, որ այդ նախագծերում մասնակցություն ունենալու հարցում հետաքրքրություն են ցուցաբերում ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական, բելառուսական, իրանական, եվրոպական, անգամ վրացական տարբեր ընկերություններ։

Տարիներ շարունակ, երբ որևէ օտարերկրյա պաշտոնյա այցելել է Արցախ կամ որևէ միջազգային ընկերություն Արցախում գործունեություն է ծավալել, Ադրբեջանը նրանց սև ցուցակ է գցել, հետախուզում է հայտարարել և փորձել ամեն ձևով խանգարել։ Բաքուն նույնիսկ արգելում է իրանական բեռնատարների մուտքն Արցախ։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը Արցախից բռնազավթված տարածքներում Ադրբեջանի աջակցությամբ օտարերկրյա ընկերությունների անօրինական գործողություններին հակազդելու առնչությամբ: Ճիշտ է, ոչինչ էլ չի ձեռնարկում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ