11 12 2021

Պետության համակարգային ճգնաժամն ու իշխանականների ջղաձգման պատճառները. «Փաստ»

Պետության համակարգային ճգնաժամն ու իշխանականների ջղաձգման պատճառները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հանրային կարծիքը միշտ էլ փոփոխական երևույթ է եղել։ Ժամանակի ընթացքում հնարավոր է բարձր ռեյտինգ ունեցող ուժերի և գործիչների ունեցած վարկանիշն անկում ապրի կամ զրոյանա, իսկ ցածր վարկանիշ ունեցող գործիչներինն ու քաղաքական ուժերինը՝ բարձրանա։ Եվ այս փոփոխությունները պայմանավորված են ընթացիկ գործողություններով և իրադարձությունների շղթայով։ Մարդիկ հիշում են, թե ինչ ամբիցիոզ ու մեծ խոստումներ էր տալիս Փաշինյանը, երբ նոր էր իշխանության եկել, ինչպիսի համոզվածությամբ էր հավաստիացնում, թե իր իշխանության օրոք Հայաստանը թևակոխելու է անշրջելի զարգացման փուլ։

Բայց, ինչպես ասում են, Փաշինյանի անխտիր բոլոր խոստումները մնացին «սառույցին գրված»։ Ու բոլորովին զարմանալի չէ, որ արդեն նույնիսկ «Gallup»-ը, որը հայտնի է իր պրոիշխանական ցուցանիշների հրապարակումով, չի կարողանում թաքցնել, որ գործող իշխանությունների վարկանիշի աննախադեպ անկում է արձանագրվել, և բնակչության մեծամասնությունը դժգոհ է նրանց աշխատանքից։ Ըստ «Gallup»-ի հարցումների, Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49,4 տոկոսը, իսկ 60,5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին։ Եվ ուշագրավ է, որ այս հարցումները ներկայացվում են ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո, որոնք ցույց տվեցին, թե իշխող ուժն այլևս դադարել է «ժողովրդի աջակցությունը» վայելել, առավել ևս՝ լինել «ժողովրդի իշխանություն»։

Մի խոսքով, «քայլողների», իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի վարկանիշը սրընթաց գահավիժում է, իսկ քաղաքական նավը՝ խորտակվում։ Եվ այս իրավիճակի պատճառն այն է, ու Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե բոլոր ոլորտներում անխտիր ձախողվել են։ Առաջին հերթին դա վերաբերում է երկրի անվտանգության ոլորտին, որի՝ տարիներով կառուցված շենքը կապիտուլ յացիայի արդյունքում փլուզվեց, և ունեցանք հսկայական տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, անտուն մնացած մարդիկ, փախստականներ և այլն։ Գոնե կարելի էր հրադադարի կնքումից հետո բանակի ու անվտանգային միջավայրի վերականգնման ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ նախաձեռնել, բայց իշխանությունները ձեռքները ծալած նստած են։

Ի՞նչ խոսք կարող է լինել անվտանգության համակարգի վերակառուցման մասին, եթե մեկ տարվա ընթացքում ժամանակակից սպառազինությունների ձեռքբերում չենք ունեցել, առաջնագծի կահավորումը պատշաճ կերպով չի իրականացվում և այլն, ու այս ամենի իրականացման փոխարեն երկրի ղեկավարության կողմից անընդմեջ բանակին ուղղված մեղադրանքներ են հնչում։ Փաշինյանի իշխանության օրոք երկրի սոցիալ-տնտեսական վիճակը նույնպես շարունակում է վատթարանալ։ Ամենուրեք չափ ու սահման չճանաչող թանկացումներ են, իսկ գնաճի ֆոնին քաղաքացիների եկամուտները չեն բավականացնում, երկրում աճում է աղքատության, գործազրկության և արտագաղթի մակարդակը։

 

Թերևս միայն պետական պարտքի անընդհատ ավելացման հաշվին է, որ պետությունը տևական ժամանակ շարունակում է խուսափել դեֆոլտային իրավիճակներից։ Եվ, բնականաբար, տեղին է, որ մարդիկ հիշում են, թե ինչպիսի «տնտեսական հեղափոխություն» էր խոստանում Փաշինյանը, և հիմա ինչպիսի վիճակում են իրենք։ Ինչ վերաբերում է կրթության ոլորտին, ապա քպական իշխանությունների օրոք այն ընդհանրապես ապականվել է, կարևորն ու անկարևորը, երկրորդականն ու գլխավորը միախառնվել են։ Եվ այս ֆոնին դուրս են մղվել ազգային ու հայագիտական կրթական արժեքները, որով փորձ է կատարվում թուլացնել ազգային ու պետական մտածելակերպը։ Դրանով է պայմանավորված, որ իշխանությունների որոշմամբ հայոց լեզվի ու գրականության և հայոց պատմության քննությունները հանվել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների պարտադիր առարկաների ցանկից։ 

Հայագիտական առարկաների փոխարեն դիմորդներն իրենց քննությունը կարող են հանձնել, օրինակ՝ անգլերենով և այլ լեզուներով։ Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտի մասին՝ առաջին հերթին պետք է արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունն ուղղակի փոշիացրել է անգամ նախկինում եղած ողջ պոտենցիալը։ Իշխանությունները ԱԳՆ համակարգը վերածել են «սվոյների» աշխատանքի տեղավորման գործակալության։ Դիվանագիտական անձնակազմը շարունակ համալրվում է դիլետանտ ու ոչ պրոֆեսիոնալ քայլական պատեհապաշտներով։ Այսպիսի քաղաքականության արդյունքում է, որ միջազգային արենայում Հայաստանը հեղինակազրկվել է, և ոչ ոք չի ցանկանում մեզ հետ հաշվի նստել։ Այսպիսի իրականության պայմաններում զարմանալի չէ, որ պետական կառավարման համակարգն անընդհատ դեպրեսիաների մեջ է։ Մինչ այն կհասցնի աշխատել, անընդհատ կադրային փոփոխություններ են տեղի ունենում ու շատ հաճախ անհասկանալի ու անտրամաբանական ձևով։

Եվ եթե ամփոփենք, ապա երկիրը խոր և համակարգային ճգնաժամի մեջ է, ինչն ավելի ու ավելի սուր է դարձնում իշխանափոխության անհրաժեշտությունը։ Շատ հավանական է, որ այս ամենի գիտակցման արդյունքում են «քայլողները» անընդհատ հիստերիայի մեջ ընկնում, իսկ Փաշինյանն ամեն «պատեհ» պահի հունից դուրս է գալիս, օրինակ՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ ջղաձգումների մեջ էր ընկել, գոռգոռում էր ու հատկապես կին պատգամավորների հետ լեզվակռիվ տալիս...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ