27 11 2021

Փաշինյանը ՍԴ-ում իրական ճգնաժամ ստեղծեց․ «Հրապարակ»

Փաշինյանը ՍԴ-ում իրական ճգնաժամ ստեղծեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը կենաց-մահու պայքար մղեց Սահմանադրական դատարանի դեմ՝ հորինած «ճգնաժամը» հաղթահարելու, իրականում՝ ՍԴ-ն նվաճելու համար, եւ հիմնականում հասավ ուզածին, այժմ ուժերի հարաբերակցությունը ՍԴ-ում 4/5 է, 4-ը՝ նախկին․ Հրայր Թովմասյան, Արեւիկ Պետրոսյան, Աշոտ Խաչատրյան, Արայիկ Թունյան, որոնք հիմնականում օրենքին են ծառայում, եւ 5-ը՝ նորեր․ Արման Դիլանյան, Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթրյան, Վահե Գրիգորյան, որոնք հիմնականում իշխանությանն են ծառայում։ ՍԴ գործունեությանը հետեւողներն ասում են, որ ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջ եւ դադարել է կատարել օրենքով իրեն վերապահված դերը։

Բանն այն է, որ իշխանության համար «ճակատագրական» դիմումները քննելիս ՍԴ մեծամասնությունը հստակորեն փաշինյանական կամքն է կատարում, իսկ մյուս բոլոր դեպքերում կամայական որոշումներ են կայացվում, որոնցից դժվար է հասկանալ՝ որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում իրավունքը։ Բանն այն է, որ եթե 9 դատավորից մեկը բացակայում է նիստից, եւ ձայները բաշխվում են 4/4-ի, ապա որոշում չի ընդունվում, եւ «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքով դիմումը համարվում է մերժված։

Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ դիմումը մերժման ենթակա չէ՝ այն մերժելը կլիներ մեծ ապօրինություն, ՍԴ մեկ անդամի բացակայությամբ հավասար ձայներ են ապահովում եւ դիմումը դարձնում մերժված։ Ֆորմալ առումով մերժման որոշում չեն կայացնում, որ չասեն՝ ՍԴ-ն հակաիրավական մարմին է դարձել, բայց դե ֆակտո տուժում է արդարադատությունը։ Վերջին մի քանի ամսում երեք համանման դեպք է արձանագրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ