19 10 2021

Այս իշխանությունները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում. «Փաստ»

Այս իշխանությունները հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց այն իրողությունը, որ Հայաստանն առանց Արցախի թույլ է և խոցելի։ Եթե նախկինում շատ բնակավայրերի համար սահմանը թվում էր հեռու, ապա ներկայիս պայմաններում ադրբեջանցի զինվորականները հայտնվել են նրանց անմիջական հարևանությամբ։

Ըստ էության, ադրբեջանական բանակը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Եվ մինչ մեր իշխանությունները խոստանում են մինչև այս տարվա վերջ այլընտրանքային ճանապարհի կառուցումը հասցնել ավարտին, Հայաստանը Իրանին ու Իրանը Վրաստանին կապող հիմնական հաղորդակցությունը տևականորեն կախված է լինելու Բաքվի կամքից։ Միաժամանակ, ադրբեջանցի զինվորականները յուրաքանչյուր պահի կարող են քաղաքացիական բնակչության նկատմամբ սադրանքներ իրականացնել և հաղորդակցային խնդիրներ ստեղծել Սյունիքի մարզի բնակավայրերի համար։

Իսկ Բաքուն Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծված ու փակված է համարում, որի արդյունքում արդեն Հայաստանի հարցն է առաջ եկել։ Պատահական չէ, որ ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթում տևական ժամանակ քննարկվում է Արցախում բնակվող հայ բնակչությանը իրենց հասարակության մեջ ինտեգրելու և ադրբեջանական անձնագրեր բաժանելու հարցը։ Իսկ ովքեր հրաժարվեն ադրբեջանական անձնագրերից, ստիպված են լինելու հեռանալ Արցախից։ Այսինքն, Ադրբեջանը նախատեսում է գնալ Արցախյան հիմնահարցը թաղելու ու աստիճանաբար իր վերջնական վերահսկողությունը այդ տարածքներում հաստատելու ճանապարհով։ Ալիևը նույնիսկ բացառել է Արցախին ինքնավարություն տրամադրելու տարբերակը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Արցախյան հիմնահարցը այլևս միջազգայնորեն չբարձրացվի ու դուրս գա բանակցային գործընթացից։

Թվում էր, թե այս պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է առիթը բաց չթողնեին միջազգային ամենատարբեր հարթակներում Արցախի թեման բարձրացնելու և ցեղասպանության վտանգի տակ այնտեղ ապրող հայ բնակչության ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելու նպատակով։ Բայց Հայաստանի այսօրվա իշխող թիմը, կարծես, շարունակում է ձեռքերը վերջնականապես լվանալ Արցախից։ Այդ իսկ պատճառով է, որ երբ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է գնում, դրանք մեր իշխանությունների կողմից ոչ միայն անտեսվում են, այլև համապատասխան արձագանքի չեն արժանանում։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Արցախում հետպատերազմյան շրջանում ադրբեջանական սադրանքների հետևանքով տեղի ունեցած միջադեպերի մասով կարկառուն ՔՊ-ականներից մեկը հայտարարում է, թե ինչո՞ւ եք այդ հարցով ՀՀ իշխանություններին դիմում, գնացեք Ռուսաստանին դիմեք, որովհետև իրենք են Արցախի անվտանգության երաշխավորը։

Մեկ ուրիշ ՔՊ-ական պատգամավոր էլ հայտարարում է, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է, իրենց գերնպատակը ՀՀ-ն է, ոչ թե Արցախը: Իհարկե, այսպիսի հայտարարությունները չեն կարող պատահական լինել և տեղավորվում են Արցախյան հիմնահարցից աստիճանաբար հրաժարվելու՝ իշխանական ծրագրերի շրջանակում։ Մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Արցախում սահմանի պաշտպանությունն անցավ ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորը շարունակելու է Հայաստանը լինել։ Սակայն ներկա իրողությունների պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ իշխանությունները Արցախի անվտանգության պատասխանատվության հարցը իրենց վրայից վերջնականապես թոթափելու ու ռուսական կողմի ուղղությամբ գլորելու հարց են լուծում։

Ճիշտ է՝ Արցախում խաղաղապահ ծառայություն իրականացնող կողմը պատասխանատվություն կրում է հակառակորդի սադրանքներին գնահատական տալու հարցում, բայց սրա հետ մեկտեղ պարզ է, որ շատ անելիք ունի նաև Հայաստանի իշխանությունը: Իսկ թե ինչու են ՀՀ իշխանությունները հրաժարվում Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, արդեն հասկանալի է դառնում։ Նրանք դրանով ճանապարհ են բացում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ դա ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։

Այնինչ, միամտություն է կարծել, թե դրանով հակամարտությունն ավարտվելու է և խաղաղության դարաշրջան է բացվելու։ Արցախի հարցը փակելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմն այս անգամ էլ ցանկանալու է Հայաստանը կուլ տալ։ Այնպես որ, իրենց անողնաշար կեցվածքով իշխանությունները հայ ժողովրդի համար գնալով ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ