15 07 2021

Ռուսական կապիտալով ընկերությունը՝ իշխանության թիրախում. «Ժողովուրդ»

Ռուսական կապիտալով ընկերությունը՝ իշխանության թիրախում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեծաթիվ քննիչներ եւ օպերատիվ ծառայողներ երեկ ներխուժել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք։ Նկատենք՝ թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, որ իշխանությունները ընկնում են ռուսական կապիտալով ընկերության հետեւից: Բանն այն է, որ 2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուբարովը ռուս քաղաքական գործիչ եւ դիվանագետ է։ Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաեւ Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թ. հունիսի 20-ին:

Նշենք, որ Պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետաքրքրությունը մեծացավ հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններից եւ այն բանից հետո, երբ կոմբինատի բաժնետեր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը մասնակցեց արտահերթ ընտրությունների՝ Սյունիքի համայնքապետերի հետ համատեղ։ Հիշեցնենք, որ առաջին ընկերությունը, որը հայտնվել էր հեղափոխական իշխանությունների եւ նրանց հրահանգով իրավապահների թիրախում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն էր: 2018թ-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերեւույթ չարաշահումների դեպքով։

Ավելին, 2018 թ. սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով երկաթուղու մասին, ասել էր. «Ռուսական կողմը ՀԿԵ-ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ է համաձայն, բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն»: Բայց այդպես էլ չիմացվեց՝ որտեղ, ով, ինչպես էր խախտել ՀՀ պետական շահը, եւ ինչպես վերականգնվեց արդարությունը:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ