14 07 2021

Ինչու ԱԳ նախարարի ընտրությունը կանգ առավ Արմեն Գրիգորյանի վրա. «Ժողովուրդ»

Ինչու ԱԳ նախարարի ընտրությունը կանգ առավ Արմեն Գրիգորյանի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել արտաքին գործերի նախարարի հնարավոր նշանակման որոշման կայացման մասին: ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանությունները վերջնական որոշում են կայացրել, եւ կառավարության ձեւավորումից հետո այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, չնայած հիմնական թեկնածուներից էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մեր տեղեկություններով՝ որոշում է կայացվել, որ Մհեր Գրիգորյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ եւ ՀՀ սահմանային ու անվտանգային հարցերով հենց նա է զբաղվելու: Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Գրիգորյանն էլ առանձնապես ցանկություն չի ունեցել գնալ ԱԳ նախարար: Սակայն մշուշոտ է մնում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ապագան. նա եւս համարվում էր նախարարի թեկնածու, սակայն նրա գործակալական անցյալը խանգարում է այդպիսի պատասխանատու պաշտոնի նշանակման համար, բացի այդ, մասնակցել է մինչ հեղափոխությունը հակապուտինյան ակցիաներին, ուստի նրա նշանակումը չեղարկվել է:

Եւ չնայած Միրզոյանը մտերիմ շրջապատում տարածել է, թե ինքն է մերժել ԱԳ նախարար նշանակվելու առաջարկը, իրականում այդպես չէ: Նույնիսկ նրա՝ ՌԴ-ու ՀՀ դեսպան նշանակվելու հավանականությունն է փոքր, քանի որ ինչքան էլ Միրզոյանը հիմա ռուսական շրջանակներում ընկերներ ու վստահելիներ է փնտրում, նրան չեն վստահում եղբայրական ՌԴ-ում եւս:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանը եւս «նախորդ կյանքում», երբ քաղակտիվիստ էր աշխատում, հակապուտինյան դիրքորոշումներով էր հանդես գալիս, ուստի հետաքրքիր է՝ նրա նշանակումը մեր ռազմավարական եղբոր կողմից ինչպես կընդունվի:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ