«Արտահերթ ընտրությունների արդյունքները դարձել են հանրային դիսկուրսի ամենաքննարկվող հարցը։ Ընդ որում, ինչպես այսօր հասարակությունն է պառակտված ու բևեռացված, այնպես էլ ընտրությունների ու դրանց արդյունքների շուրջ հնչող կարծիքներն են տարաբնույթ ու միմյանց հակադիր։ Այս համատեքստում հատկանշական է, որ երբ արդեն արդյունքներն ամփոփված են, շատ են դատողությունները «հետին թվով», թե այսպես կամ այնպես պետք է վարվեին քաղաքական ուժերը, որպեսզի, ի վերջո, այսպիսի տխուր պատկերի ականատես չլինեինք։ Օրինակ՝ այն մասին, թե ընդդիմությունը պետք է բոյկոտե՞ր ընտրությունները, թե՞ ճիշտ են արել, որ մասնակցել են։ Բոլոր տեսակետներն իրենց խորքում ունեն նաև պատճառաբանություններ:
Բայց... Նախևառաջ, արդեն կատարվածի շուրջ դատողություններ անելն ու միմյանց ինչ-որ հարցերում մեղադրելն անշնորհակալ գործ է, քանի որ ունենք կատարված փաստ: Ինչպես ասում են՝ կարիք չկա նորից ընկնել ժողովրդական հայտնի ասույթի դաշտ. «Զատկից հետո ներկած ձուն ո՞ւմ է պետք»։ Բացի այդ, եթե թեկուզ, ենթադրենք, ընդդիմադիր հիմնական ուժերը, օրինակ՝ «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, լավ՝ ևս մի քանի ուժ, չմասնակցեին ընտրություններին, ապա դա դեռ չի նշանակում, որ ընտրական գործընթաց տեղի չէր ունենալու, կամ միջազգային հանրությունը չէր ճանաչելու ընտրությունների լեգիտիմությունը։
Ընտրությունները, միևնույնն է, տեղի կունենային, իսկ խորհրդարանում ընդդիմության տեղերը կարող էին զբաղեցնել ընտրարշավի մեջ ընդգրկված մյուս 15-20 ուժերից մի քանիսը, ընդ որում, նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդդիմություն անվանելը սրբապղծություն կլինի։ Դրանք ընդդիմություն են իրական ընդդիմությանն ու ազգային բոլոր ուժերին: Ի վերջո, իշխանությունները դրանց գործուղել էին ընդդիմադիր դաշտ՝ ձայները փոշիացնելու համար։ Դա արդեն իրենք էլ չեն թաքցնում: Այդպիսով պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ որ իրական ընդդիմության փոխարեն ընդդիմության դերը խաղային, ասենք, «Հանրապետություն» կուսակցությունը, «Արդարություն» կուսակցությունը կամ, առավել ևս, «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքը։ Ավելի մեծ զավեշտ դժվար կլինի պատկերացնել:
Այդ պարագայում կունենայինք 100 տոկոս իշխանական խորհրդարան՝ իր բոլոր ողբերգական հետևանքներով: Քննարկվող մյուս հարցն այն է, թե արդյոք «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» դաշինքները պե՞տք է վերցնեն մանդատները, թե՞ ոչ: Հարցն իրականում այդքան էլ պարզ չէ, քանի որ լուրջ կշռադատման ու հաշվարկների պետք է ենթարկվի՝ խորհրդարանում ընդդիմության ներգրավվածության հարցին վերջնական լուծում տալու նպատակով։ Այդ մասին ասել են նաև նշյալ ուժերը: Ճիշտ է՝ իշխանությունների ստացած 71 մանդատները նրանց հնարավորություն են տալիս մեծամասնություն ապահովելու միջոցով բազմաթիվ օրենքներ անցկացնել և որոշումներ ընդունել, սակայն հարցը միայն դրանով չի սահմանափակվում։ Խորհրդարանական կառավարման անցած երկրում ԱԺ ընդդիմությունը որոշակի լծակներ ունի ոչ միայն օրենսդրական աշխատանքներում հիմնովին ներգրավվելու, գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտությանը մասնակից լինելու և բազմաթիվ այլ հարցերում։
Վերջապես, խորհրդարանական ընդդիմությունը հնարավորություն է ստանում նաև երկրի թիվ մեկ ամբիոնից բարձրացնել հանրությանը հուզող բազմաթիվ հարցեր ու պարզաբանումներ պահանջել կառավարությունից։ Շատ կարևոր է, որ ընդդիմությունը ստանում է իշխանություններին վերահսկելու, զսպելու, հակակշռելու իր հիմնական գործառույթն իրականացնելու շոշափելի հնարավորություններ։ Այնպես որ, վերջնական որոշում ընդունելու համար բազմաթիվ գործոններ պետք է հաշվի առնել, առավել ևս, որ մանդատներից հրաժարվելու դեպքում ստեղծվող վիճակի հետ կապված օրենսդրությունը 100 տոկոսանոց կարգավորում չի նախատեսում:
Այս մի քանի օրերին տարբեր իրավաբաններ տարբեր գնահատականներ են տվել այս հարցի հետ կապված: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ սահմանադրագետների կարծիքով, ՔՊ-ի մանդատների քանակը 2/3 չի ապահովում: Դրան գումարած՝ վերահաշվարկների արդյունքում պարզվում է, որ «Հայաստան» դաշինքի քվեները մասսայաբար քիչ են գրել: Ինչպես երևում է, ամեն ինչ շատ ավելի ուշագրավ է դառնում..․»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը