05 06 2021

ՀԱՊԿ ոչ պատշաճ արձագանքը. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ ոչ պատշաճ արձագանքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս օրերին լայն թափով ընթանում են «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: Այն անցկացվելու է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ: ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:

Սա, ըստ էության, ընկալվում է ՀԱՊԿ արձագանք, սակայն ոչ պատշաճ: Զորավարժությունները կարող են Ադրբեջանին որոշակիորեն զսպող գործոն լինել, սակայն դա Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին անհրաժեշտ արձագանքը չէ։ Ըստ էության, նրանք այս զորավարժություններով ցանկանում են վերջ տալ այն մեծ հարցին, որը անընդհատ հնչեցվում է, թե ինչու ՀԱՊԿ-ը ըստ արժանվույն չի պատասխանում Հայաստանի Հանրապետությանը: Միեւնույն ժամանակ ակտիվանում է ԵՄ-ն. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում, իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները: 

Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հիշեցրեց, որ ինքն ավելի վաղ ասել էր, որ իրավիճակին ՀԱՊԿ-ը չի արձագանքելու, այլ միայն ՌԴ-ն, իսկ ՌԴ-ն իր առաջարկներով հանդես եկել է, եւ դա ճիշտ առաջարկ է: Իսկ անդրադառնալով ԵՄ-ի ակտիվությանը՝ Սկակովը նշեց, որ ՀՀ-ում կայանալիք ընտրություններից առաջ Փաշինյանի այցերը Փարիզ ու Բրյուսել ուշադրության արժանի են, քանի որ դրանց նպատակը կարծես Արեւմուտքի մասնակցությամբ իրավիճակի կարգավորումն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ