04 06 2021

Ռուսական աղբյուրները չեն թաքցնում՝ քանի դեռ հայերը հույս են կապում եվրոպացիների հետ, իրենք ակտիվ չեն լինելու․ «Հրապարակ»

Ռուսական աղբյուրները չեն թաքցնում՝ քանի դեռ հայերը հույս են կապում եվրոպացիների հետ, իրենք ակտիվ չեն լինելու․ «Հրապարակ»

«Վերջին մի քանի օրերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ակտիվ բանակցություններ էին ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։

 

Նպատակը՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ Երեկ տեղեկացանք, որ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար նախ անընդունելի է եղել, որ հայկական կողմից որպես բանակցող է ներկայացել Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը։

Ըստ ամենայնի՝ սպասել են ստատուսով ավելի բարձր պաշտոնյայի, և որքան էլ Կարապետյանը փորձել է համոզել, որ Հայաստանում ինքը երկրորդ պաշտոնյան է, կողմերը մնացել են իրենց դիրքորոշմանը և հորդորել, որ հաջորդ անգամ առաջին պաշտոնյան ներկայանա, եթե ինքը երկրորդն է։

Բացի այդ, ռուսական կողմը շատ ակտիվ ջանքեր չի դրսևորել այն պատճառով, որ մինչ Մոսկվայում փորձում են լուծել Հայաստանի սահմաններին առկա պայթյունավտանգ իրավիճակը, Փաշինյանն այցելում է Ֆրանսիա, և իշխանական քարոզչամեքենան որպես փրկության փարոս է դիտում Փաշինյանի՝ Ֆրանսիա այցն ու Մակրոնի խոսքերը, թե ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ տարածքից։

Ռուսները որոշել են, որ եթե բանակցությունները հաջող ընթանան, և ադրբեջանական զորքը դուրս բերվի Հայաստանից, ապա Փաշինյանը դա կվերագրի արևմտյան դաշնակիցներին։ Ռուսական աղբյուրները չեն թաքցնում՝ քանի դեռ հայերը հույս են կապում եվրոպացիների հետ, իրենք ակտիվ չեն լինելու, և հաջորդ հանդիպման ժամկետն էլ չի որոշվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ